
Չեխ ոստիկանները Հայաստանի կողմից հետախուզվող «օրենքով գողի» են ձերբակալել
Չեխիայում լույս տեսնող «Օրեր» եվրոպական հայալեզու ամսագիրը հայտնում է, որ, Չեխիայի ոստիկանության հաղորդմամբ՝ Կառլովի Վարիի երկրամասում ձերբակալվել է «օրենքով գող», որը միջազգային հետախուզման մեջ էր Հայաստանի իրավապահների կողմից: Չեխական ոստիկանությունը տարածած տեսանյութում հայտնել է, որ ձերբակալումն իրականում տեղի է ունեցել օրեր առաջ՝ հունիսի 2-ին:
«Օրենքող գողին» բռնելու համար չեխ ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել: Ըստ տեղեկությունների՝ 52-ամյա տղամարդը, որի անուն-ազգանունը իրավապահները չեն հայտնել, չի հասցրել դիմադրել ոստիկաններին, քանի որ վերջիններս արագ են գործել: «Օրեր» ամսագիրը, հղում անելով չեխական ոստիկանությանը, նշել է, որ այս պահին տղամարդը կալանավորված է, եւ աշխատանքներ են տարվում՝ նրան Հայաստան արտահանձնելու ուղղությամբ:
Քրեական աշխարհի դեմքերին եւ իրադարձությունները լուսաբանող primecrime.ru կայքը որոշ մանրամասներ է հայտնել այս դեպքի մասին դեռ հունիսի 3-ին: Ըստ կայքի՝ ձերբակալվածը Վիտալի Ավդիյանն է, որի նկատմամբ Հայաստանը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարել շորթման հիմքով: Ըստ ռուսական կայքի աղբյուրի՝ Ավիդյանը Չեխիայում բնակվում էր անօրինական կերպով՝ կեղծված փաստաթղթերի միջոցով վարձակալած առանձնատանը: Կայքը նշել է նաեւ, որ Ավդիյանը Չեխիա էր տեղափոխվել Ֆրանսիայից՝ խուսափելով տեղի իրավապահների ուշադրությունից:
Primecrime.ru-ի տվյալների համաձայն՝ Վիտալի Ջազոյի Ավդիյանն ազգությամբ եզդի է, ծնվել է 1969 թ. Ռուսաստանում՝ Յակուտիայում: Որպես «օրենքով գող» «թագադրվել է» Թբիլիսիում եւ առավել հայտնի է իբրեւ «Վիտյա Թբիլիսկի»: Ապրել է Մոսկվայում, Թբիլիսիում, Երեւանում, Բելգիայում:
Չնայած «Օրեր» ամսագիրը նշել է, որ չեխ ոստիկանների ձերբակալած տղամարդը ՀՀ քաղաքացի է, ոստիկանության բուն հաղորդագրության մեջ եւ primecrime.ru կայքում նման տեղեկություն չկա: Բացի դրանից՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում Վիտալի Ավդիյան անունով ընտրող եւս չկա:
Մեկնաբանել