
Լևոն Շիրինյան. «Մենք գնալու ենք երկրորդ տեղով, սատարելու ենք կազմվող կառավարությանը՝ կատարելով ընդդիմության դրական ֆունկցիան»
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն այսօր Լոռու մարզում է: Քաղաքական ուժը քարոզարշավ իրականացրեց Սպիտակում քաղաքում, իսկ երեկոյան՝ 17:30-ին պլանավորում են լինել Վանաձորի Արցախի պուրակում:
Դաշինքի համահիմնադիր Լևոն Շիրինյանը ելույթը սկսեց՝ գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքը, ասաց, որ յուրաքանչյուր կուսակցության դիրք արդեն նշմարվում է:
Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիները ընտրելու են իրենց՝ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնելու համար՝ «Հայաստան» դաշինքի փոխարեն: «Մենք գնալու ենք երկրորդ տեղով, սատարելու ենք կազմվող կառավարությանը՝ կատարելով ընդդիմության դրական ֆունկցիան»:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեց Ռուսաստանի հետ արտաքին քաղաքականություն վարելու իրենց դիրքորոշման մասին: Նրանք առաջարկում են Ռուսաստանի հետ ունենալ հավասարակշռված հարաբերություններ, որ Ռուսաստանը մեզ հետ հարաբերվի ինչպես հավասարը հավասարի հետ:
Դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է անվտանգության ապահովումը: «Մեր ծրագիրը Հայաստանում 21-րդ դարի պատերազմներին պատրաստ բանակ, զինվորականություն ստեղծելն է, աղետները, պատերազմները կանխազգալու, կանխելու հետախուզություն ունենալն է»,- հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը: Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը, շարունակելով իրենց ծրագրի գլխավոր բաղադրիչի մասին խոսքը, ասաց, որ իրենց առաջ խնդիր է դրված ոչ միայն զրոյից պետություն կառուցելու, այլ նաև զրոյից անվտանգության համակարգ կառուցելու: «30 տարի մեզ համոզել են, որ գոյություն ունի մի անվտանգության համակարգ, որը կարող է ապահովել մեր երկրի անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, օրերի մեջ պարզվեց, որ այդ բոլորը սուտ է, կեղծիք է»,- հայտարարեց Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ իրենք լինելու են գիտության ու գիտնականի կողքին, ուսուցչի և արժեք ստեղծող մարդկանց կողքին: Ասաց, որ աջակցելու են փոքր և միջին բիզնեսին՝ չնշելով դրան ուղղված որոշակի քայլեր:
Մեկնաբանել