
Ս․ Սարգսյան․ «Յուրաքանչյուրը պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով վերջինս ազդարարում է պողպատե հեղափոխության մեկնարկ։
Երրորդ նախագահի խոսքով՝ 3 տարիների ընթացքում երկիրն ականատես է եղել թավշյա հեղափոխության «ողջ պերճանքին».
«Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է՝ ժողովրդին տարբեր մասերի բաժանումը, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի ու կեղծիքի տարածում, մենք հասկացանք, որ «թավշյա հեղափոխություն» նշանակում է մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75%-ի հանձնում, նշանակում է՝ զոհել հազարավոր մարդկանց, որ թավշապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանները»,- նշեց Սարգսյանը։
Ըստ նրա՝ եթե «պողպատե հեղափոխություն» ասելով՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում է այս պրոցեսների ուժգնացում, ապա իրենցից յուրաքանչյուրը պարտավոր է այդ «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն այլ ելք չունի, այլապես լինելու են այն ժողովրդների նման, որոնք չունեն իրենց պետականությունը և մնացել են միայն պատմության դասագրքերում։ Երրորդ նախագահը վստահ է, որ ժողովրդի մեջ ապրում է ազատ ապրելու ցանկությունը, ոգին և բոլոր խնդիրներին պետք է դեմ տալ կամք և ցանկություն, որ ապրեն ազատ և խոսեն հայերեն։
Մեկնաբանել