
Ն. Փաշինյան. «Էսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլերի են նման, քան՝ լրագրողի»
Մենք ոչ միայն պետական կառավարման ոլորտում գտնվող օղակներում կարգուկանոնի խնդիր պետք է դնենք, այլ ավելի լայն շրջանակներում:
Այս մասին Դիլիջանում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի: Մենք տեսնում ենք հետևյալը՝ ինչպես կարգավորել այդ դաշտը, մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, էթիկայի կանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ և նաև այդ կանոները խախտելու դեպքում՝ որոշակի սահմանափակումներ»,- ասաց Փաշինյանը:
Նա հարց հնչեցրեց, թե ինչու պետք է պետական պաշոնյան հետևի էթիկայի վարքականոնին, իսկ լրատվական դաշտում նման կանոններ ու պատասխանատվության միջոց չլինեն:
«Էսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլերի են նման, քան լրագրողի»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ մինչ այժմ թավշյա հեղափոխություն էր հարկավոր, որպեսզի հանրության պոտենցիալն ի ցույց դրվի, սակայն Կառավարությունն արձանագրեց, որ վերջին 30 տարիների ընթացքում կառավարման կաստայական համակարգ է երկրում ձևավորվել:
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի հինգերորդ օրն է, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին Արագածոտնի մարզում էր, հունիսի 9-ին` Շիրակի մարզում, երեկ` Լոռու մարզում, այսօր՝ Տավուշում, երեկոյան հանրահավաք է սպասվում մարզկենտրոն Իջևանում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել