
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ գերեվարված 6 հայ զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է միջանկյալ միջոց կիրառելու որոշումը
2021 թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
«Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:
Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ Զինված ուժերի վեց զինծառայող։
Ավելի ուշ ՊՆ-ն հրապարակեց գերեվարված 6 զինծառայողների անունները՝ Ա. Ն. Աբգարյան, Ի. Ա. Սարգսյան, Վ. Վ. Սարգսյան, Բ. Ս. Օհանյան, Ա. Գ. Բուդոյան, Վ. Օ. Ռաֆայելյան։
Մեկնաբանել