
Բավրայի մաքսակետում գյուղացիների թարխունը փչացրել են. ո՞վ է պատասխան տալու (վիդեո)
Այս օրերին գյուղնախարար Սերգո Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում գյուղացիներին հավաստիացնում է, թե գյուղմթերքի իրացման խնդիր գյուղացին չի ունենա, եւ ամեն ինչ արվելու է գյուղում ապրող մարդու կյանքը հեշտացնելու համար: Մինչդեռ արվում է ճիշտ հակառակը: Գյուղացին նորից միայնակ է եւ ամեն ինչ արվում է նրա` առանց այդ էլ վատ վիճակն էլ ավելի վատացնելու համար:
Երեկ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 5 բնակիչներ մոտ 30.000 կապ թարխուն փորձել են Բավրայի անցակետով անցկացնել Վրաստան, որպեսզի կարողանան այդ կերպ իրացնել իրենց ապրանքը: Մի քանի ժամ հայաստանյան մաքսատան աշխատակիցները գյուղացիներին պահել են սահմանին` պատճառաբանելով, թե համակարգիչների հետ կապված խնդիրներ կան, իսկ գիշերը` ժամը 3-ին սահմաններում պատասխանել են, թե իրենք հրահանգ չունեն կանաչեղենը սահմանն անցկացնելու: Գյուղացիները ստիպված հետ են բերել արկղերով փաթեթավորած թարխունը եւ պատրաստվում են նետել աղբարկղը, քանի որ ամբողջությամբ փչացել է:
Այսօր առավոտյան նույն գյուղացիները գնացել են մաքսատան Արարատյան մասնաճյուղ, սակայն նրանց կոնկրետ պատասխան չեն տվել եւ հորդորել են դիմել պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին: Պավլիկ Միսակյանը եւս թարխուն արտահանողների թվում է եղել եւ հավաստիացնում է, որ պետության վարած քաղաքականության շնորհիվ մեկ օրում միայն ինքը մոտ 2 մլն դրամի վնաս է կրել:
Նա «Հետքին» ասաց, որ պետեկամուտների կոմիտեից էլ իրենց հստակ չեն պատճառաբանել, թե ինչու թույլ չեն տվել, որ գյուղատնտեսական ապրանքը հատի հայ-վրացական սահմանը: Սա այն դեպքում, երբ վրացիներն ամեն օր Հայաստանից մեծ քանակությամբ թարխուն են տանում եւ այն հայ գյուղացուց գնում են չնչին գներով:
Գյուղացիները հստակ պատճառաբանություն չստանալուց հետո այցելել են գյուղնախարարություն: «Մեզ ընդունեց միջին տարիքի մի մարդ եւ ներկայացավ որպես փոխնախարար»,- պատմեց Պավլիկը: Նա նշեց, թե հույս ունեին, որ գոնե գյուղնախարարության համապատասխան պաշտոնյան իրենց կողքին կլիներ, սակայն նա եւս հիասթափեցրել է գյուղացիներին` ասելով, թե նախարարությունը արտահանման հետ կապ չունի:
Պավլիկ Միսակյանն ու նրա համագյուղացի ընկերները հավաստիացնում էին, որ մինչեւ սահման հասցնելը նախապես ճշտել են, թե արտահանման համար ինչ է անհրաժեշտ: Արդեն Բավրայի անցակետում նրանց ձեռքին եղել է եւ արտահանման լիցենզիան, եւ համայնքապետարանից տեղեկանք, որ իրենց աճեցրած բերքն են արտահանում, սակայն ապարդյուն:
Պավլիկ Միսակյանն ասաց, որ 40 թարխունի ջերմոց ունի եւ սեզոնին 4000 դրամ օրավարձով մինչեւ 8 բանվոր է պահում: Չհաշված բազմաթիվ ծախսեր է կատարում պոլիէթիլենային տոպրակների, պարարտանյութի, թունաքիմիկատների եւ այլ ապրանքների ու ծառայությունների համար: «Այդքան ծախս եմ անում, այս պայմաններում հողի վրա ներդրում եմ անում, բա կառավարությունն իմ կողքին չլինի՞: Էդ ինչի վրացիներին հանգիստ թողնում են թարծուն տանեն, իսկ մեզ չեն թողում: Ի՞նչ ա, մեր փողի վրա գերբ չկա, թե՞ վրացիներն են կաշառք տալիս»,-բարկանում է նա:
Պավլիկ Միսակյանն ու նրա կարգավիճակում հայտնված Հայկազ Հարությունյանը առաջին հերթին մեղադրում են գյուղնախարարությանը, որ խոսելուց բացի ոչ մի բանով գյուղացուն սատար չեն կանգնում: Ըստ նրանց՝ կառավարությունն այսօր այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդը ստիպված հեռանա երկրից:
Վնաս կրած գյուղացիները սպասում են պաշտոնական պարզաբանման, հակառակ դեպքում վնասի փոխհատուցման պահանջով պատրաստվում են դիմել դատարան:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել