
«Մեզի մահապարտների վաշտ են ըսե, որովհետև ուղղակի անհնար էր ընդեղից դուրս գալը». գյումրեցի կամավոր Գոռ Սահակյան
Գյումրեցի 29-ամյա Գոռ Սահակյանը պատրաստվում է չորրորդ վիրահատությանը։ Ի տարբերություն ընտանիքի անդամների՝ Գոռը շատ հանգիստ է. «Վիրահատություն է, էլի»,-ասում է նա։ Եղբայրը՝ Բագրատ Սահակյանը, գլուխը տարուբերելով, հավելում է. «Վիրահատություն է, որը կտևե 8-9 ժամ»։
Գոռը վիրավորվել է Արցախյան երկրորդ պատերազմում, 2-րդ կարգի հաշմանդամություն ունի։
«Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ըսեց, որ բդի կամավոր գրվի, երթա։ Վայեննի բիլետը պահեցի, չէի թողնա։ Հետո ըսեց, որ ինքը հաստատ որոշել է ու վերջ։ Ես էլ տարբերակ չունեի, ստիպված տվեցի»,- պատմում է մայրը՝ Անահիտ Սահակյանը։
«Ամեն հայ տղու պարտքն է, որ բդի երթա ու պաշտպանե հայրենիքը, մանավանդ, եթե զենք բռնել գիտե։ Էն 18 տարեկան երեխեքն ի՞նչ մեղք ունին, ես բդի երթայի, իրանց կողքն եղնեի»,- ասում է նա։
Գոռն ու մեծ եղբայրը՝ Բագրատը, 6 տարի ապրել ու աշխատել են Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում, կահույքագործությամբ են զբաղվել։ Եղբայրը հիշում է՝ Ապրիլյան պատերազմին էլ Գոռն անհանգիստ էր։ Ասում է՝ եթե պատերազմը մեկ օր էլ երկարեր, Գոռը Հայաստան կգար։ Նույնը` 2020-ի հուլիսյան մարտերի ժամանակ։ Իսկ վերջին պատերազմի օրերին եղբայրները Հայաստանում են եղել։ Եկել էին Բագրատի հարսանիքի կապակցությամբ։ Օգոստոսի 27-ին Բագրատն ամուսնացել է, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը։
Կամավորագրման օրվանից Գոռն անհանգիստ սպասել է, թե երբ կկանչեն։ Գրեթե ամեն օր գնացել է զինկոմիսարիատ՝ ճշտելու, թե երբ է իր հերթը։ Հոկտեմբերի 6-ին հնչել է զանգը։
«Առավոտը տունը չէի, Գոռս զանգեց, ըսեց՝ մա, կես ժամից բդի երթամ, դե, պատկերացրեք»,-պատմում է մայրը։ Գոռը մայրիկից խոստում է կորզել, որ լաց չի լինի, իսկ հայրը ոգեւորել է որդուն, որ գնա ու իր պարտքը կատարի։ Նա ևս կամավորագրվել է, բայց տարիքի պատճառով չեն կանչել։
«Մենք 98 հոգով գնացինք։ Էնքան ուրախ էինք, երգելով, կատակներով, շատ-շատ ուրախ կերթայինք»,- հիշում է Գոռը։ Հեռախոսը վերցնում է՝ ցույց տալու այդ օրվա տեսանյութերն ու ասում՝ էս երգող տղեն Սամվելն է, նայե՝ ինչ լավ ձեն ունի։ Հարցիս՝ ո՞վ է նա, Գոռը պատասխանում է՝ ընկերս, կյանքս փրկողը։
Արցախ հասնելուց հետո 4 օր մնացել են Ջրականում՝ սպասելով առաջադրանքի: Հոկտեմբերի 10-ին նրանց հրամայում են գնալ Հադրութ։ «Դիվերսիոն խումբ էր մտե։ Մեզի քանակ չէին ըսե, ըսել էին` վաշտ է մտե, վաշտն էլ կեղնի ամենաշատը 60 հոգի»,- ասում է Գոռը։
Հիշում է՝ Հադրութ մտնելիս մոտ 40 հոգով բաժանվել են 6-հոգանոց ջոկատների, որ գտնեն թշնամուն։ Գոռը դիրքավորվել է իրենց ջոկատի վերջում և պարբերաբար ստուգել է՝ թիկունքն ազա՞տ է, թե՝ ոչ։
Բայց, մտնելով Հադրութ, իրենք են ընկել դիվերսիայի ծուղակը։ Թշնամու մեծաթիվ ուժերի են հանդիպել այնտեղ, ու սկսվել է բաց մարտ։ «Դեմերս 400-500 հոգանոց զորք ելավ։ 200-250 մետր հեռավորության վրա էին։ Սիրիացիներ էլ կային, հայկական ֆորմաներով էին: Մեր ջոկատի տղեքն ընձնից քիչմ առաջ էին, ես ընկա բաց դաշտ։ 3 տեղից վիրավորվա։ 2 փամփուշտը որովայնիս ձախ կողմից մտան, մեջքիցս դուս եկան, մե հադըն էլ մնաց մեջս։ Ընկերս՝ Սամվելը, նույն պահին տեսավ, վազեց մոտս, կողքիցս կկրակեր, որ ընձի էլ չկրակեն»,- պատմում է Գոռը։
Ասել է՝ չգան իր կողմ, որովհետև շատ էին կրակում իր ուղղությամբ, բայց, միևնույն է, Սամվելը չի լսել նրան, կրակն իր վրա վերցնելով՝ նետվել է դեպի Գոռը։ Րոպեներ անց Սամվելը ևս վիրավորվել է։ Գոռին թվացել է, թե ընկերը միայն ոտքից է վիրավոր, բայց պարզվեց որովայնի հատվածում շատ ավելի ծանր վիրավորում է ստացել։ «Ինքը անգամ էդ պահին կատակ կեներ, կըսեր՝ Գոռ, որ իմ փափուշտները պրծան, կրնամ, չէ՞, քուկովդ կրակեմ»,- ասում է Գոռը։
Որոշ ժամանակ անց թշնամին հետ է քաշվել, ջոկատի տղաները Սամվելին ու Գոռին տեղափոխել են մի փոքր ներքեւ` ավելի ապահով վայր, որտեղ երկու ընկերների մոտ մնացել է իրենց ջոկատի տղաներից մեկը, որ օգնի, մինչև մյուսները մեքենա կգտնեին նրանց տեղափոխելու համար։ 3-4 ժամ երկու ընկեր, մարտի դաշտում ընկած, սպասել են։ «Մեր էդ ջոկատի տղուն՝ Արտյոմին, ստիպեցինք, որ երդվի՝ հանկարծ ադրբեջանցի գա, առաջինը մեզի խփե, նոր ըդոնց, որ հանկարծ գերի չընկնեինք»,- հիշում է նա։
Բայց, բարեբախտաբար, շտապօգնության մեքնենան հասնում է, երկու ընկեր դեմ-դիմաց պառկում են նույն մեքենայի մեջ։ «Ջուր կխմեինք, օր կցավար, իրար ուժ կուդայինք, որ դիմանանք, ես կքնեի, ինքը կզարգեր, ձեն կուդար, կամ՝ ես իրան, չէինք ուզե՝ գիտակցություններս կորիր։ Օր գիտակցությունդ գնաց, հաստատ էլ չես զարթնի»,- ասում է Գոռը։
Ստեփանակերտի հիվանդանոցում Սամվելը մահանում է։ Հիվանդանոցում Գոռը կորցրել է գիտակցությունը և չի իմացել ընկերոջ մահվան մասին։ Այնտեղից Գոռին տեղափոխել են Գորիս, հետո՝ ուղղաթիռով Երևան։
Սամվելն ու Գոռը Արցախի ճանապարհին էին ծանոթացել, բայց այնքան էին մտերմացել, որ Սամվելը պատրաստ եղավ կյանքը վտանգել հանուն նրա։ Գոռն ասում է՝ մարտական ընկերությունը տարբերվող է, անփոխարինելի ու անմոռանալի։
Գոռի հեռախոսը մնացել է Ստեփանակերտի հիվանդանոցի բուժքրոջ մոտ։ Ավելի ուշ, երբ վերջինս զանգել է Գոռի ընկերոջը՝ հեռախոսը փոխանցելու, շատ է զարմացել, որ Գոռը ողջ է։ Ասել է՝ իրենք մտածել են, թե չի ապրի տղան։ Ստեփանակերտում կատարված վիրահատությունն է փրկել Գոռի կյանքը։
«Սաղ կըսեն՝ էդ վիրավորումից մարդ ողջ չի մնա, ում մոտ կերթամ, կզարմանա, թե ինչխ եմ ողջ մնացե։ Բայց չիդեմ՝ ով է երե էդ վիրահատությունը։ Կուզեմ իմանամ, կյանքս է փրկե»,- ասում է Գոռը։
Գիտակցության գալով՝ հոկտեմբերի 11-ին տեսնում է եղբորը, 12-ին՝ մորը։ Այդ ժամանակ ոչ մեկը չի համարձակվում Գոռին ասել ընկերոջ մահվան մասին։ Հետո նա իմանում է համացանից ու շտապում գտնել Սամվելի ընտանիքին։
«Էս ամեն ինչի մասին ես եմ իրանց պատմե։ Հմի Սամվելի մաման ու պապան ընձի երկրորդ ծնող են։ Մե ընտանիքի պես ենք մենք»,- ասում է Գոռն ու ցույց տալիս նրանց հետ իր լուսանկարները։ Շատ է ափսոսում, որ Սամվելի հետ նկար այդպես էլ չունեցավ։ Ասում է՝ նկարվել չի սիրել, այնտեղ էլ ոչ մեկի մտքով չի անցել, որ կարելի է նկարվել։
Սամվելը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Գոռն ընկերոջ անկյունն է ստեղծել իր տանը։ Սամվելի նկարի կողքին դրել է Աստվածաշունչը, հայկական դրոշն ու փամփուշտը, որ իր մարմնից են հանել։
Նրանց 40 հոգանոց դասակը նվազագույն զոհերով ու վիրավորներով կարողացել է դուրս գալ Հադրութից՝ շնորհիվ նաև հրամանատարի, որը ռազմագիտության ուսուցիչ է Գյումրու դպրոցներից մեկում, որտեղ սովորել է Գոռի ընկերը՝ Սամվելը։
«Մեզի մահապարտների վաշտ են ըսե, որովհետև ուղղակի անհնարին էր ընդեղից դուրս գալը»,- ասում է Գոռը։
Գոռի կրտսեր եղբայրը մի քանի ամսից զորակոչվելու է բանակ։ «Ախպորս դուխը տեղն է, նույն ոգևորությամբ բդի ճամփենք»,-ասում է Գոռը։ Մայրն աննկատ սրբում է արցունքներն ու ասում. «Կճամփեմ, ի՞նչ բդի ենեմ, որ չճամփեմ։ Ես շատ հպարտ եմ, մենակ թե երեխուս առողջականը լավ եղնի»։
Գոռը հավատում է, որ վիրահատությունից հետո լիովին կվերականգնվի։ Իր ապագան այսուհետ պատկերացնում է միայն Հայաստանում։ «Ստեղ բդի մնամ, որ սաղ գնացին, վերջն ի՞նչ բդի եղնի»,- ասում է Գոռը։
Լուսինե Հակոբյան
Մեկնաբանել