
Դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի` Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հրամանով` դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի` Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:
Նախարարի պաշտոնակատարի հրամանից տեղեկանում ենք, որ դադարեցման պատճառն այն է, որ Լիճքի հանքավայրում ընկերությունն օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չի իրականացրել: Այդպես հայտնել է«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը: Ըստ այդմ` խախտվել է Ընդերքի մասին օրենսգրքի մի շարք հոդվածներ, ինչպես նաև ընկերության և կառավարության միջև 2013թ. կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը:
Սակայն Լիճք գյուղ մեր այցելության ժամանակ գյուղացիները պատմել են, որ ընկերությունը շահագործվել է հանքավայրը 2016-2018թթ.-ին, դադարել է շահագործումը 2018թ. հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացնելու կառավարության նախաձեռնության մասին:
Լիազոր մարմինը 2020թ. մարտին զգուշացում է ուղարկել ընկերությանը:
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն կատարել է համապատասխան վճարումները, դրանք են` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման` (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար նախատեսված և մշտադիտարկումների իրականացման համար սահմանված վճարումները: Սակայն արդյունահանում այդպես էլ չի իրականացրել:
Վարչական վարույթ է հարուցվել, բայց ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել վարույթին, և վերջին խախտումն էլ չի վերացվել:
Հիշեցնենք, որ նախարարի 2020թ. փետրվարի 7-ի հրամանով դադարեցվել էր նաև «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի համար, որը տրվել էր 2013թ․-ին։ Ընկերությունը պատասխան գրությամբ նախարարությանը հայտնել է, որ հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել և մտադրություն չունի իրականացնելու, ինչպես նաև առարկություն չունի իր ընդերքօգտագործման իրավունքն այդ հանքավայրի նկատմամբ դադարեցնելու դեմ։
Մեկնաբանել