
Անժելան «խափանեց» Տիգրան Կարապետյանի ասուլիսը, բայց նա «տեղում է և հզոր»
Այսօր «Հայելի» մամուլի ակումբի հյուրը պետք է լիներ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, սակայն նա այդպես էլ չներկայացավ ասուլիսին:
«Ինձ ասել էին «Հայելի» ակումբ, բայց մեր համակարգողը' Ռուզաննա Ստեփանյանն, ինձ զանգեց ասաց, որ Անժելան («Հայելիի» ասուլիսավարը - հեղ.) ԱՄՆ-ում է: Պարզապես թյուրիմացություն եղավ, դրա համար չեմ եկել»,- «Հետքին» պարզաբանեց Տիգրան Կարապետյանը:
Ըստ ԺԿ նախագահի' իր հայացքներում ոչ մի բան չի փոխվել. «Ես տեղում եմ, հզոր եմ և շարունակելու եմ իմ պայքարը»: Ասուլիսի ժամանակ նա խոսելու էր ներքաղաքական խնդիրների' կազմավորվող դաշինքների, ինչպես նաև ՀԱԿ-ի և իշխանության «անակնկալ երկխոսության» մասին:
«Անակնկալն այն էր, որ փոխում են սկզբունքները. էլ թաթար-մոնղոլ չկա, ավազակապետություն չկա, կա համագործակցություն, միմյանց ընդառաջում, գովաբանում»,- ասում է Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքերով' իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը պետք է լինի այնպիսին, որ ժողովուրդն իմանա, թե ինչի շուրջ են խոսելու համագործակցողները: Իսկ եթե ՀԱԿ-ն ու իշխանությունն այսօր պայմանավորվում են ապագա խորհրդարանի ձևավորման մասին, ապա ըստ Կարապետյանի' «դա ժողովրդին ոչինչ չի տալու»:
Տիգրան Կարապետյանի կարծիքով' այդ պայմանավորվածությունները կհանգեցնեն նրան, որ ՀԱԿ-ի անվան տակ ՀՀՇ-ն կգա իշխանության: «Ինչքան էլ ասեն ՀԱԿ, կարո՞ղ է մենք չգիտենք' ովքեր են այնտեղ: Չնայած դա ինձ համար այլ խնդիր է. ես իմ սկզբունքներին չեմ դավաճանել և կարող եմ հպարտանալ դրանով»,- ավելացնում է Տ. Կարապետյանը:
ԺԿ առաջնորդի ասելով, այդ դաշինքները որևէ կերպ չեն կարող ազդել իր քաղաքական գործունեության վրա, առավել ևս' ինքն ընտրազանգված չի կորցնի:
«Հակառակը, ես շահում եմ, որովհետև, եթե մարդիկ վճռական էին տրամադրված և տեսնում են, որ գնում են երկխոսության, դա միայն կավելացնի մեր ընտրազանգվածը, հիասթափվածներ շատ կան»,- ավելացրեց Տիգրան Կարապետյանը:
Մեկնաբանել