
Զինվորին մարտական գործողության ուղարկելուց առաջ հրամանատարն անձամբ էր ստուգում տարածքը
Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի զոհվելու լուրը Գառնի հասավ պատերազմի առաջին օրերին: Արթուրի զոհվելու մասին հակասական պատմություններ էին ներկայացրել ծնողներին, բայց պատմողներից ոչ ոք մարմինը չէր տեսել, որից ենթադրություններ արվեցին, թե գուցե գերեվարված է:
2020թ. հոկտեմբերի 5-ից Արթուր Հակոբյանն անհայտ կորած էր համարվում: Նրա մարմինը հողին հանձնվեց զոհվելուց մոտ 7 ամիս հետո, երբ արդեն հուղարկավորվել էին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ նահատակված և անհայտ կորած համարվող գառնեցի 8 զինվորները: «Կարծես նախախնամությամբ նա վերջինը «տուն դարձավ», իսկական հրամանատարի պես: Նախ «ուղարկեց» իր փառապանծ զինվորներին, ինքը մնաց վերջում, ինչպես վայել է իսկական հրամանատարին»,- ասվեց գառնեցիների անունից հրամանատարին նվիրված հիշատակի խոսքում:
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ փոխգնդապետ Արթուր Հակոբյանին վստահված էր մարտական ամենածանր ուղղության՝ Ջրականի պաշտպանությունը: Սա այն վայրն է, որն անհագ վիշապի պես կուլ տվեց մեր զավակներին, խլեց հազարավորների կյանքը և, որքան էլ զարմանալի լինի, հրամանատար Արթուր Հակոբյանն առաջին զոհերից մեկը եղավ:
«Մի զարմացեք, իրեն ճանաչողները գիտեն, որ Արթուրը զինվորին մարտական գործողության ուղարկելուց առաջ անձամբ էր ստուգում տարածքը»,- ասում է հայրը:
Դավիթ Հակոբյանն ասում է, որ նրա մարտական ընկերը մահվան բոթը հասցրեց հոկտեմբերի 5-ին: Պատերազմն սկսվելուց հետո ամեն օր մեկ րոպեով զանգում էր, որ ձայնը լսենք: Հոկտեմբերի 4-ի գիշերը նա վերջին անգամ խոսել էր 6-ամյա որդու հետ: Արթուրը հետախույզ էր և պատերազմը սկսվելուց առաջ երեք շաբաթ տուն չէր գնացել:
Ծնողներին պատմել են, որ հրամանատար որդին 2020թ. սեպտեմբեր 27-ից՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերից անընդհատ թշնամու նշանառության տակ է գտնվել: Թուրք դիպուկահարները նշանառությամբ կամ ԱԹՍ-ով թիրախավորել և ոչնչացրել են այն մեքենաները, որոնցով նա տեղաշարժվել է: Այդպես երեք «ՈՒԱԶ» մեքենա են ոչնչացրել: Մարտական ընկերների պատմելով՝ մեքենան թիրախավորելու երրորդ դեպքը տեղի է ունեցել, երբ նա դուրս էր եկել զորաշարժը դիտարկելու: Հրամանատարին հաղորդել են, որ կամավորականները լքել են մարտական դիրքերը: Այդ ժամանակ դիպուկահարները կրակել են մեքենային, նա մեքենայից դուրս է նետվել, որից հետո նրան այլևս չեն տեսել:
Մեկ այլ վարկածով՝ Արթուրը զոհվել է հոկտեմբերի 4-ին, զորամասի վրա հարձակման ժամանակ, նա անձամբ մեքենան վարելով՝ դուրս էր եկել թշնամուն ընդառաջ: Դրանից հետո հայկական զինուժը Ջրականի տարածքը հանձնելով նահանջել է, և որևէ բան պարզելն անհնար է դարձել: Ամիսներ շարունակ ընտանիքը փնտրտուքի մեջ էր, մահվան հանգամանքներն առավել հստակեցնելով, մարտական ընկերների հակասական պատմությունների մեջ հստակություն մտցնելով՝ փորձում էին պարզել իրականությունը: Միաժամանակ, չբացառելով ամենաանցանկալին, հոկտեմբեր ամսվա վերջին հայրը ԴՆԹ անալիզ էր հանձնել:
«Առաջին օրից, երբ տեղեկացրին դեպքի մասին, մեզ հասկանալի էր, որ Արթուրը զոհվել է: Շուտ-շուտ փորձագիտական կենտրոն էի մտնում պատասխանի ակնկալիքով: Մարտի 1-ին նույնականացումով նրա զոհվելը հաստատված է եղել, բայց միայն ապրիլի կեսին ասացին, որ ԴՆԹ համընկնում կա: Մարմինն ամբողջական էր, բայց ճանաչելի չէր, ես իր կազմվածքից ճանաչեցի»,- պատմեց հայրը:
Արթուր Հակոբյանը Ջրականի զորամասի շտաբի պետ էր նշանակվել 2020թ. փետրվարին: Նրա՝ պրոֆեսիոնալ զինվորականի և մարզիկի նշանակումն այդ բարդ տարածքում պատահականություն չենք համարում: 37-ամյա հրամանատարը զինվորական ակադեմիական կրթություն էր ստացել. 2001-2006 թթ. սովորել էր Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի օդադեսանտային ռազմական ինստիտուտում: 2017-2019 թթ.-ին սովորել էր Մոսկվայի Ֆրունզեի անվան համազորային ռազմական ակադեմիայում: 2019թ. օգոստոսից նշանակվել էր Արցախի հանրապետության «Մարտունի-2» զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ:
Արթուր Հակոբյանի հիշատակի անկյունը հյուրասենյակի ամբողջ պատն է զբաղեցնում: Մի մասում ներկայացված են ռազմական գործիչ, հերոսացած Արթուր Հակոբյանի մարտական հաղթանակները, մյուս մասում՝ ըմբշամարտիկ Արթուրի մարզական կենսագրությունը: Վերևում հրամանատարի դիմանկարն է կենդանի ժպիտով, ասես դիմավորում է ներս մտնողին ու դառնում զրույցի մասնակիցը:
Արթուր Հակոբյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն էր: Դպրոցական հասակից մասնակցել է հանրապետական, նաև միջազգային մրցաշարերի, ընդգրկվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում: Հուշապատի ձախ մասում ներկայացված են սպորտի ասպարեզում նրա ձեռքբերումների վկայությունները՝ մեդալներ, գավաթներ, շնորհակալագրեր, պատվոգրեր և այլն:
Ռյազան քաղաքի օդադեսանտային ռազմական ինստիտուտում սովորելու տարիներին Արթուրը չեմպիոն է դարձել նաև «մարտեր առանց կանոնների» մարզաձևում: Ինստիտուտի հավաքականի կազմում մասնակցել է միջազգային մրցաշարերի, պագևատրվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով: ՌԴ «սպորտի վարպետի» Մոսկվայի մարզի ուժային կառույցների մրցաշարերում արժանացել է չեմպիոնի կոչման, աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել, Ռյազան քաղաքի սպորտային կոմիտեի պատվավոր ներկայացուցիչ և այլն:
2006թ.-ին՝ ուսումն ավարտելուց հետո, վերադարձել է Հայաստան և նշանակվել Արցախի ՊԲ-ի հետախուզական գումարտակում որպես ջոկատի հրամանատար, այնուհետև` 2008թ., վաշտի հրամանատար, նրան շնորհվել է կապիտանի կոչում: 2011թ. մարտ ամսին Հայաստանում կազմավորվել է «Դիպուկահարների» դպրոցը, և նա նշանակվել է դպրոցի ավագ դասախոս, այնուհետև ղեկավարել է դպրոցը:
Ուսման մեջ ցուցաբերած առաջադիմության, Պաշտպանության բանակում ունեցած անբասիր ծառայության և կազմակերպչական աշխատանքների համար արժանացել է պաշտպանության նախարարության շնորհակալագրերի, պարգևների և մեդալների: Դրանց կողքին անձնուրաց զինվորականին շնորհված վերջին բարձրագույն պարգևներն են՝ երկու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանները, որին 2021թ.-ին հետմահու արժանացավ ՀՀ նախագահի և ԱՀ նախագահի հրամանագրերով:
«Արթուր Հակոբյանը Հայկական զինված ուժերի համար պատրաստել է բարձր մակարդակի դիպուկահարներ, որոնք տարբեր զորամասերում փայլել են իրենց գործնական կարողություններով և գիտելիքներով: Նա հետախույզ էր, հմուտ ղեկավարել է զորամասի գործողությունները, շտաբի և ողջ անձնակազմի մարտական առաջադրանքի հաջող կատարման ողջ ընթացքը: Մոբիլիզացված անձնակազմին անձամբ է առաջնորդել ամենադժվար և ամենապատասխանատու բնագծերը: Ես տեսել և հուզվել եմ Արթուրի վարպետությունից»,- հուղարկավորության ժամանակ այսպես բնութագրեց Արթուրին նրա զինակից ընկեր Մանուկ Բադալյանը:
Մայրը՝ Կարինե Սարգսյանն ասում է, որ որդին որքան խիստ ու պահանջկոտ էր ուսանողների և զինվորների նկատմամբ, նույնքան էլ գթասիրտ էր: Վերհիշում է, թե ինչպես էր «տանջում» դիպուկահարների դպրոցի իր սաներին, որոնք քննությունը պետք է հանձնեին հաշված րոպեների ընթացքում Գառնիի բարձրաբերձ սարերը մագլցելով:
«Մանկուց անվախ էր, երբեք և ոչնչից չէր տրտնջում, ուրիշները խուսափում էին Ջրականից, իսկ Արթուրն ասում էր՝ չքնաղ է Ջրականը: Երբ Արթուրը Հայաստանում էր, մենք շաբաթ և կիրակի օրերին հանգիստ չունեինք, տունը միշտ մարդաշատ էր, նա անսպառ էներգիա ուներ, խինդ ու ծիծաղով էր լցնում շուրջը: Արթուրի տարերքը սարերն ու ձորերն էին, շատ էր սիրում Գառնին, այստեղ էր հանգստանում՝ բարձունքները նվաճելով, լեռներում շրջագայելով, պատմամշակութային վայրեր այցելելով, ընկերների հետ խնջույքներ կազմակերպելով: Որտեղ լիներ՝ բոլորին շուրջն էր հավաքում, ամեն ինչի պատրաստ էր հանուն ընկերության»,- վերհիշում է Կարինեն:
Արթուր Հակոբյանը հուղարկավորվեց ապրիլի 23-ին Գառնիի ազատամարտիկների պանթեոնում։ Նրան բնութագրում են որպես անկոտրում և համարձակ զինվորականի, որն անձնական օրինակով էր զինվորին վստահություն ներշնչում և մղում սխրանքի: Համոզված ենք, որ սա այն ամենը չէ, ինչ ասվում է Արթուր Հակոբյանի մասին: Զիվորական գործին նվիրյալ մարտիկի, հետախույզի մարտական կենսագրությունը ապագայում կգրվի:
Լուսակարները՝ Հակոբ Պողոսյանի և Արթուր Հակոբյանի անձնական ալբոմից
Տեսանյութը՝ մարտական գործողությունների ժամանակ նկարահանել է «Զինուժ»-ը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել