
Քաշաթաղի և Քարվաճառի տնազուրկ բնակիչներին առաջարկում են տեղափոխվել Արցախ
Քաշաթաղից և Քարվաճառից տարհանված բնակիչները պարբերաբար հավաքվում են Կառավարության շենքի առջև և պահանջում բնակարանով և աշխատանքով ապահովել իրենց: Տեղահանվածների խնդիրները լուծելու համար վարչապետ Ն. Փաշինյանի 2020 թ. նոյեմբերի 17-ի որոշումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում ասում են, որ բողոքի մասնակցիներին ամեն անգամ հայտնում են, թե հարցը քննարկվում է: Իրականում այդ հանձնաժողովը վաղուց նիստեր չի գումարում:
Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը «Հետք»-ին հայտնեց, որ Հայաստանի տարածքում վերաբնակեցման և զբաղվածության ապահովման պետական ծրագիր դեռևս չկա, բայց հարցը քննարկվում է: Բնակարանի պահանջ ներկայացնողներին առաջարկում են տեղափոխվել Արցախ:
«Արդեն 60 ընտանիք տեղափոխվել է Արցախ: Նրանց մեծ մասը Քաշաթաղի շրջանի բնակիչներն են: Նրանց բնակեցնում ենք Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում, բայց հիմնականում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Այնտեղ սեփական տներ կան, որոնք պետությունը վերակառուցում և հատկացնում է այդ ընտանիքներին»,- հայտնեց պրն Վիրաբյանը:
Վերջինս նշեց, որ ցանկացողների համար ԱՀ-ի Կառավարության օպերատիվ շտաբը նախապես ճանաչողական այց է կազմակերպում, շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո օպերատիվ շտաբի միջոցներով նրանց տեղափոխում են Արցախ:
Միքայել Վիրաբյանը հայտնեց, որ փորձում են ժամանակավոր զբաղվածության ծրագրեր իրականացնել: Բնակիչներին առաջարկել են հողեր վարձակալել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելու համար, և 27 մարդ հողեր է վարձակալել սեփականատերերից կամ համայնքների ղեկավարներից: Հողի վարձավճարի մի մասը կփոխհատուցի պետությունը:
Հիշեցնենք, որ Շահումյանի (Քարվաճառի) և Քաշաթաղի շրջանները 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հանձնվեցին Ադրբեջանին: Այդ շրջանների բնակիչների ճնշող մեծամասնությունը հայաստանցիներ էին, որոնց ազատագրված շրջաններում վերաբնակեցրին Կառավարության որոշումներով: Նշված շրջանները վերաբնակեցնելու որոշումները կայացվել էին Արցախյան առաջին պատերազմը դեռևս չավարտված՝ 1993թ.-ի աշնանը:
Բնակիչները 1990-ական թվականներին Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում գտնվող, նաև անտուն քաղաքացիներն էին, որոնց այնտեղ անհամեմատ լավ պայմաններ էին առաջարկվում: Ապահովում էին տնով, սոցիալական, տնտեսական և վարկային արտոնություններ էին տրվում, պետական աջակցության ծրագրեր էին իրականացվում նրանց համար: Այդտեղ էին բնակություն հաստատել նաև Ադրբեջանի կողմից 1991թ.-ին ԼՂՀ-ի Գետաշեն և Շահումյան գյուղերն օկուպացնելուց հետո տարհանված բնակիչները:
Վերջին տարիներին նրանց մի մասը հաղթահարել էր անապահովի կարգավիճակը, անշարժ և շարժական գույք էր ձեռք բերել, ֆերմերային տնտեսություն էր ստեղծել: Ավելի քան 25 տարիների ընթացքում նրանց ստեղծած սեփականությունն ամբողջությամբ մնաց թշնամուն, քանի որ իշխանությունները տարհանվելու մասին տեղեկացրել են վերջին պահին: Ընդ որում, հայտնել էին, որ ժամանակավոր են տարհանվում: Շահումյանի և Քաշաթաղի շրջանների բնակչության մեծամասնությունը լքեց բնակավայրերը՝ չվերցնելով անգամ փաստաթղթերը: Տարհանումը կատարվեց տարերայնորեն, Հայաստանում նույնպես նրանց կացարանով ապահովում էին քաղաքացիները՝ բարի կամքի դրսեւորումով:
Հայաստանում Արցախի կառավարման օպերատիվ շտաբի Քաշաթաղի պատասխանատու Դավիթ Դավթյանը հայտնեց, որ Արցախի նախագահի հրամանով հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է Արցախի բոլոր շրջաններից տեղահանվածների ունեցվածքի գույքագրում և գնահատում իրականացնի: Ըստ այդմ՝ համայնքների ղեկավարների գլխավորությամբ տեղերում հանձնաժողովներ պետք է ստեղծվեն բնակչության շարժական և անշարժ գույքի գույքագրում իրականացնելու համար՝ տուն, անասնագոմ, կենդանիների քանակ, հողամաս, ավտոմեքենա և այլն:
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքը հայկական վերահսկողության տակ է, այնտեղ է պահվում շրջանի արխիվը: Դ. Դավթյանն ասում է, որ լրացված տեղեկանքների իսկությունը հանձնաժողովն այնուհետև կճշտի արխիվում և կադաստրում պահվող փաստաթղթերի հետ համեմատելով: «Առայժմ գույքագրում և գնահատում պետք է անենք, հետո փոխհատուցման հարցը կլուծվի»,- հայտնեց Քաշաթաղի պատասխանատու Դավիթ Դավթյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչ օրս Քաշաթաղի շրջանից 400 հոգի վերադարձել է Արցախ, որտեղ բազմազավակ ընտանիքների համար հիմա էլ շահավետ պայմաններ են ստեղծում՝ տուն և անասուններ են տրամադրում: Արդեն 100-ից ավելի մարդ է բնակվում Աղավնոյում, բնակիչների թիվն ավելացել է նաև Սուս գյուղում: Քաշաթաղի շրջանում վերաբնակված նախկին սփյուռքահայերից ոմանք տեղափոխվել են Նոյեմբերյան և հողագործությամբ են զբաղվում: Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում տներ կառուցելու և տեղահանվածներին այնտեղ բնակեցնելու առաջարկ կա:
Շահումյանի շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Ռուզաննա Պետրոսյանն ասում է, որ իրենց շրջանից նույնպես Արցախ վերադարձած ընտանիքներ կան, բայց մեծ մասը վախ ունի և չի ցանկանում այնտեղ բնակվել: Որոշ մարդիկ էլ ցանկանում են գնալ Արցախ, բայց այնտեղ դեռ պատրաստի բնակարաններ չկան:
Նա նշեց, որ բնակիչները սկզբում իրենք են իրենց տեղափոխվելու և կացարանի հարցը լուծել: Որոշ ժամանակ հետո կառավարությունը սոցիալական աջակցության ծրագրեր իրականացրեց, որից մեկը կոչվում է հյուրընկալության ծրագիր: Կառավարությունը 30 000 դրամ է հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անձին որպես վարձավճար, սակայն այն փոխանցվում է հյուրընկալող սեփականատիրոջը:
«Բնակիչների մեծ մասը չի կարողանում օգտվել դրանից, տների մեծ մասի սեփականատերերը Հայաստանում չեն բնակվում, որպեսզի նրանց փոխանցվի գումարը: Բնակիչներն իրենք են վարձը վճարում: Կառավարությունը պետք է այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռի մարդկանց»,- ասաց Ռ. Պետրոսյանը:
Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է, որ Քաշաթաղի, Քարվաճառի, Շուշիի և Հադրութի շրջանների բնակիչների մեծամասնությունը չի ցանկանում բնակվել քաղաքային միջավայրում, և նրանց կարծիքը հաշվի է առնվում: «Ասում են, որ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, և լուծումները պետք է տրվեն՝ հաշվի առնելով այդ մարդկանց ցանկությունը: Սակայն բնակարանով ապահովելու հարցում առավելությունը պետք է տրվի այն անձանց, ովքեր կցանկանան վերադառնալ Արցախ»,- ասաց Միգրացիոն ծառայության պետը։
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի և Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել