
51 մլն 400 հզր դրամ կհատկացվի 10 մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի համար
Կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 51 մլն 400 հազար դրամ՝ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ 10 մսուր-մանակապարտեզների կառուցման նախագծի համար: Որոշումն ընդունվեց Կառավարության մայիսի 20-ի նիստում:
Նախատեսվում է 5 մսուր-մանկապարտեզ կառուցել Արմավիրի մարզի Գետաշեն, Նորավան, Փշատավան, Լենուղի և Այգեվան համայնքներում, 3-ը՝ Լոռու մարզի Գոգարան, Լեռնավան և Լուսաղբյուր համայնքներում, 1-ը՝ Կոտայքի մարզի Պտղնի համայքնում, ևս մեկը՝ Շիրակի մարզի Արևշատ համայնքում: 1 մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի համար անհրաժեշտ է 5 մլն 140 հազար դրամ:
«Մոդուլային տիպի» մանկապարտեզների կառուցման ոլորտում ներդրումների կատարման մեկնարկը տրվել է Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի որոշմամբ, որով գումար հատկացվեց Արմավիրի մարզի Արևիկի համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար, ինչպես նաև 9 համայնքում նույն տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակապման և այդ մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկի համար:
Կառավարության նախորդ՝ մայիսի 13-ի նիստում գործադիրը 500 մլն դրամ հատկացրեց 5 դպրոցի կառուցման նպատակով:
Նախագծով նախատեսվում է նաև թույլատրել Քաղաքաշինության կոմիտեին 10 համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հաշվի առնելով արդեն այդպիսի նախագծի առկայությունը:
Մեկնաբանել