
ՀԱԿ վարչության որոշման դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ընտրացուցակը
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը կորոշի նոր ձևավորվող վարչությունը։
Եթե վարչությունը որոշի, որ ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրություններին, ապա կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի ինքը։ «Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին»,- հայտարարեց առաջին նախագահը։
ՀԱԿ համագումարի պատվիրակներն այսօր ընտրում են վարչության նոր կազմ, որը բաղկացած է լինելու 35 հոգուց։ Վարչության անդամների թեկնածուները 59-ն են։
Առաջին նախագահը համագումարի մասնակիցներին միացավ օրվա երկրորդ կեսին։ Ներողություն խնդրեց, որ նստած է ելույթ ունենալու՝ պատճառաբանելով, որ վատառողջ է: Մինչ այդ նա վարակվել էր կորոնավիրուսով։
Նախապես պատրաստած ելույթը հարցուպատասխանի ձևաչափով էր։ Ընթերցում էր հարցերը և պատասխանում դրանց։ Ելույթում առաջին նախագահը անդրադարձավ պատերազմի պատճառների, պարտության, ստեղծված իրավիճակից ելքերի, նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ միասնաբար Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի և ՀԱԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու հարցերին։
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել