
Դատավոր Քրիստինե Մկոյան. «Կաշառքից հրաժարվելը հեշտ է»
Վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանի համար միևնույն է՝ իրեն կդիմեն «տիկին Մկոյան», «դատավոր Մկոյան», թե «Քրիստինե»: Գործընկերների հետ շփման հարցում նա պատնեշ չի դարձնում ոչ դիմելաձևը, ոչ էլ իր աշխատասենյակի դուռը, որ հարցազրույցի ընթացքում բացվում էր նաև առանց թակելու: Այս տարի «Լավագույն դատավոր» ճանաչված Քրիստինե Մկոյանը խախտում է այն պաշտոնյաների հարազատ ավանդույթները, որոնց մասին առավելագույնը կարելի է CV գրել:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հինգերորդ կուրսում էր սովորում (1999թ.), երբ փոխդեկանը կանչեց իր աշխատասենյակ և ասաց, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորի օգնականի թափուր պաշտոն կա: Ուսանողական նստարանից աշխատանքային գրասենյակ տեղափոխվելը շատերի փնտրած հաջողությունն է: Ասում են` դրան հասնելու ուղիներից մեկը «ծանոթն» է:
Քրիստինե Մկոյանը պատմում է, որ այդ «ծանոթը» բուհում սովորելու իր տարբերակն էր, երբ բավարարվում էր ոչ թե ստույգ ժամի դասի գնալով և վերադառնալով մեկ այլ ստույգ ժամի, այլ ժամանակ էր գտնում իրավաբանական գիտելիքները տարբեր ընկերություններում փորձարկելու համար: Այնպես որ, չնայած փոխդեկանի առաջարկը պարտավորեցնող էր, բայց նա դրան պատրաստ էր. դատավորի օգնականի հաստիքում աշխատանքի անցնելու համար փորձաշրջանը սահմանվածից կարճ տևեց:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում նա աշխատեց մինչեւ 2003 թվականը, նախ՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
Քրիստինե Մկոյանը աշխատանքի տարավ նաև բուհում դատավորի մասին ձևավորած իր պատկերացումը: «Ինձ թվում էր` նա մարդ է, ով օրինակ պետք է լինի բոլոր քաղաքացիների համար, որ բոլորը նրանից սովորելու բան պետք է ունենան»,- ասում է նա: Չնայած չի մանրամասնում, թե ինչպիսին էր այն դատավորը, ում օգնականն էր նշանակվել ինքը, բայց հիշում է, որ առաջին աշխատավայրում հիասթափություններ չունեցավ: Ավելին, աշխատանքի ընթացքում հասկացավ, որ ավելի շատ կուզեր ոչ թե դատավորի աջ ձեռքը լինել, այլ որ մուրճիկն իր ձեռքում լիներ. դատարանում ծնվեց և որոշակիացավ դատավոր դառնալու ցանկությունը:
Հետո կարիերայի «սանդուղքով» հասավ ՀՀ նախագահի աշխատակազմ: 2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատեց ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
Սա աշխատանքային կենսագրության այն օրինակն է, որում պաշտոնները միայն բարձրանում են: Նա աշխատավայրը հաճախ է փոխել, ինչպես պատմածից կարելի է եզրակացնել, լավագույնը լինելու պատճառով:
«Ինձ թվում է` լավագույնը լինելու համար պետք է պարզապես չկենտրոնանալ դրա վրա,- ասում է Քրիստինե Մկոյանը,- ես չեմ ծրագրում` ինչպիսին լինել, ես այսպիսին եմ: Հատուկ քայլեր չեմ արել ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Ավելին, ես այդ մրցանակը ինքս չեմ ստացել, որովհետև այդ ժողովի ժամանակ հանրապետությունում չէի, ուսումնական այցի շրջանակներում գտնվում էի Գերմանիայում: Գործընկերներս զանգահարեցին և տեղյակ պահեցին»:
Արդեն երեք տարի է, ինչ գործում է դատավորներին պարգևատրելու և լավագույն դատավոր ընտրելու ավանդույթը: «Սակայն այդ ընթացքում երբեք իմ մտքով չի անցել, թե «ես էլ լինեմ». շատ շնորհակալ եմ, որ իմ աշխատանքը գնահատվել է»,- ասում է նա:
2008 թվականին նա նշանակվեց ՀՀ վարչական դատարանի դատավոր։ Երբ դատավորի ներսում համագործակցում են խիղճն ու օրենքը, ստացվում է օգտակար խառնուրդ՝ արդարադատություն: Այսպես է մտածում Քրիստինե Մկոյանը: Սակայն դատավորի աշխատանքային գործունեության պատմության մեջ քիչ չեն նաև այն դեպքերը, երբ կայացրած վճիռը և՛ օրինական է եղել, և՛ խիղճը տանջող:
«Պետք է կարողանաս քեզ տիրապետել,- ասում է նա և ժպտում կոփված հանդարտությամբ:- Օրինակ՝ շատ դաժան է, երբ տեսնում ես, որ խնդիրը մոր և որդու միջև է, մայրը տնից զրկվել է, որովհետև որդին ավելի խորամանկ է եղել, ավելի շուտ է գնացել և դիմել տեղական ինքնակառավարման մարմին»:
Երբ օրենքը խախտված չէ, դատավորի գործառույթը չէ որոշել քաղաքացու խորամանկության չափը: Խիղճն օրենքի առաջ խեղճացնելը Քրիստինե Մկոյանի աշխատանքային դժվարություններից մեկն է:
Իսկ, օրինակ, իրեն առաջարկած կաշառքից հրաժարվելը, ասում է, իր համար շատ հեշտ է. «Ես բավականին լավ աշխատավարձ եմ ստանում (չեմ ասի, որ շատ բարձր, բայց լավ), ու իմ կարծիքով, ցանկացած ողջամիտ մարդ այս դեպքում ռիսկի չի դիմի...»:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել