
Հատուկ կարիքներով երեխաների ՀԿ-ն՝ մեկ սենյակում և անորոշ վիճակում
Երևանի Շենգավիթ համայնքում գրանցված է մինչև 18 տարեկան 317 հաշմանդամ երեխա, որոնցից 54-ը հաճախում է համայնքի Պատանեկության ստեղծագործական կենտրոնում գործող «Էմմանուել» հատուկ կարիքներով երեխաների ՀԿ: ՀԿ-ն դեռևս չի էլ գովազդել իրեն և տեղեկատվություն տարածել իր մասին:
«Դու պետք է տեղ ունենաս, որ կարողանաս ընդունել: Կարիքավոր երեխաների թիվը ավելի է, քան մենք ունենք: Եվ որպեսզի մենք կարողանանք էդ մեծ թվով երեխաներին ընդունել, մեզ սենյակներ են հարկավոր»,- ասում է «Էմմանուել» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Մանվել Գասպարյանը:
Նա մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ է, երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում և Ուկրաինայում, բայց 10 տարի առաջ վերադարձել է Հայաստան: «Ես տեսա հաշմանդամ երեխայի և հասկացա, որ կարող եմ օգնել իմ փորձառությամբ, իմ գիտությամբ»,- ասում է նա:
«Էմմանուել» ՀԿ են հաճախում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, մտավոր հետամնացություն, հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող երեխաներ, որոնցից ոմանք գնում են հանրակրթական, ոմանք՝ հատուկ դպրոցներ: ՀԿ-ում երեխաների հետ կամավոր աշխատում է 12 մասնագետ՝ հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ֆիզիոթերապևտ: Գործում են դիզայնի, մոդելավորման, նկարչության անվճար խմբեր: Երեխաների նման բուժումը տևում է տարիներ:
Միաժամանակ ՀԿ-ն հոգեբանական խորհրդատվություն է տրամադրում երեխաների ծնողներին, քանի որ ծնողի խնդիրներն ու տրամադրությունը ազդում են երեխայի վրա, և երեխային ու ծնողին առանձին դիտարկելով՝ բուժման լավ արդյունքների հնարավոր չէ հասնել:
«Էմմանուել» ՀԿ-ն անվարձահատույց 1 սենյակ է զբաղեցնում Շենգավիթի Պատանեկության ստեղծագործական կենտրոնում: Մեկ սենյակ էլ «ՀԿ»-ին ժամանակավոր տրամադրել է Մանվելի ընկերը՝ կենտրոնի մեկ այլ աշխատող, որպեսզի այդտեղ որոշակի ժամերի աշխատեն հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը:
Մանվել Գասպարյան |
«2007թ. շարունակաբար դիմել ենք Շենգավիթի թաղապետարան, և ի վերջո, թաղապետարանի կրթության բաժնի վարիչը ուղարկեց մեզ այստեղ: Մինչև դա ես ոտքի վրա էի այդ ամբողջ ծառայությունները անում՝ այցելում էի տուն: Եվ անցյալ տարի նոր հուլիսին այս մի սենյակը տրամադրեցին և այն նկատառումով, որ ամբողջ 1-ին հարկի տարածքը կտրամադրեին, որպեսզի արդեն կարողանանք ընդլայնել, մնացած հաշմանդամ երեխաներին ներգրավել դրա մեջ, բայց...»,- ասում է Մանվել Գասպարյանը:
«Էմմանուել» ՀԿ-ն նամակով դիմել է Հայաստանի նախագահին, որպեսզի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի ամբողջ 1-ին հարկը տրամադրվի իրենց: Նախագահականից նամակն ուղարկել են քաղաքապետարան, քաղաքապետարանից՝ Շենգավիթի թաղապետարան: Թաղապետարանը փոխանակ ՀԿ ուղարկի սոցբաժնի ղեկավարին, ուղարկել է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Ռոբերտ Թեմուրյանին:
Մանվել Գասպարյանը Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանին ասել է, որ ՀԿ-ին անհրաժեշտ է 1-ին հարկի ողջ տարածքը, որպեսզի այդտեղ վերականգնողական կենտրոն բացի: Նրա խոսքերով՝ Նարե Արամյանը խորհուրդ է տվել սպասել, քանի որ թղթաբանական հարցեր կան, բայց այդ թղթաբանական հարցերն ամիսներ շարունակ այդպես էլ չի լուծել, իսկ հետո ասել է, որ 1-ին հարկի փոխարեն կարող է տրամադրել 4, հետո էլ՝ 3 սենյակ:
«Թղթաբանական հարցերը, չգիտես ինչու, կես տարուց ավելի տևեցին, որի պատճառով մենք ծրագիր չկարողացանք գրել ներկայացնել: Մի 6 ամիս հետո՝ ոչ մի դրական փոփոխություն: Հիմա, ճիշտն ասած, մենք մի անորոշ վիճակի առջև կանգնեցինք: Մի խոսքով, իրենք ավելի շատ ոչ թե օգնեցին, այլ հակառակը՝ անորոշության մեջ դրեցին»,- ասում է Մանվել Գասպարյանը:
«Հետքի» հետ զրույցում Նարե Արամյանն ասաց, որ շենքն իրեն չի պատկանում, հետևաբար ինքը չի կարող տարածք տրամադրել այդ շենքում: «Քանի որ դա վարչական շենք է, ինքնին նման գործառույթներ օրենքով կատարվում են, նախ, մրցութային կարգով: Երկրորդ հերթին, նման իրավունք ներկայում չկա, որովհետև դա առանձին քաղաքապետի թույլտվությամբ պետք է անել»,- ասում է տնօրենը:
Շենգավիթի Պատանեկության ստեղծագործական կենտրոնը |
Կենտրոնի 1-ին հարկը |
Նա հավելեց, որ մոտ 1 ամիս առաջ անձամբ նամակ է ուղարկել Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով, որ հնարավորության դեպքում Շենգավիթում որևէ առողջապահական կենտրոնի՝ պոլիկլինիկայի, հիվանդանոցի կամ այլ շենքում վերականգնողական կենտրոն հիմնելու համար բավարար տարածք տրամադրեն «Էմմանուել» ՀԿ-ին, քանի որ ՀԿ-ն «շատ աստվածահաճո և ազգանվեր աշխատանք է կատարում»:
«Նման կարծիք է հայտնել նաև Շենգավիթի վարչական շրջանի մշակույթի, կրթության և սպորտի բաժինը, և այդ փաստաթղթերը վարչական շրջանի ղեկավար պրն Արմեն Սարգսյանի նամակով ուղղվել են Երևանի քաղաքապետին: Այդպիսի մի եզրակացություն է կազմել նաև քաղաքապետարանի մշակույթի վարչությունը, և ըստ այդմ, նրանք այդ բոլոր թղթերը հանձնել են պրն Ամյանին, ով քաղաքապետարանում զբաղվում է նման վարչական տարածքների տրամադրման խնդիրներով»,- ասում է Նարե Արամյանը:
Փետրվարին Մանվել Գասպարյանը քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանից ստացել է նամակ, որում ասվում է, որ ՀԿ-ին լիարժեք աշխատելու համար անհրաժեշտ է մոտ 1000 քառ. մետր տարածք, իսկ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի շենքային հնարավորությունները թույլ չեն տալիս երկարաժամկետ 1000 քառ. մետր տարածք տրամադրել:
«Բագրատունյաց պողոտայի հ.5 հասցեում գործող «Պատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ն իրականացնում է արտադպրոցական դաստիարակության և մշակութային ծրագրեր, իսկ «Էմմանուել» հատուկ կարիքներով երեխաների հասարակական կազմակերպությունը՝ սոցիալական ծրագիր: Ելնելով վերոգրյալից՝ «Պատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքից երկարաժամկետ օգտագործման նպատակով տարածքի տրամադրումը համարվել է ոչ նպատակահարմար»,- նշվում է Արսեն Ամյանի գրության մեջ:
Նարե Արամյանը ևս նպատակահարմար չի համարում շենքում 1000 քառ. մետր տարածք տրամադրել ՀԿ-ին, քանի որ այդ վարչական շենքը անհրաժեշտ է մշակութային, կրթական և սպորտային հաստատություններին, և հետևաբար առողջապահական և վերականգնողական հաստատությունները ճիշտ է տեղակայել առողջապահական և վերականգնողական հաստատություններում:
Պատանեկության ստեղծագործության կենտրոնի պահակի սենյակում կախված է 20 տարի առաջ փլուզված ԽՍՀՄ-ի քարտեզը: Պահակն ասաց, որ շուտով նորից «Սովետ կլինի»: |
«Ի լրումն, այդպիսի տարածք մեր Շենգավիթի Պատենեկության ստեղծագործական կենտրոնը ուղղակի չունի: Ամբողջ 1-ին հարկն էլ 1000 քառ. մետր չի, անհամեմատ ավելի քիչ է, որովհետև այնտեղ կա 7 սենյակ՝ 40 քառ. մետրով: Այդ շենքի 1-ին հարկում տեղակայված են համայնքային գրադարանը՝ 2 սենյակ, 2 պարի խումբ և 1 դհոլի խումբ ևս այդտեղ են պարապում, այսինքն՝ 7 սենյակից մնում է ընդամենը 3-ը, որը հնարավոր է տրամադրել իրենց: Ես կարող եմ տրամադրել մոտ 200 քառ. մետր, բայց 200 քառ. մետրը բավարար չէ վերականգնողական կենտրոնի համար»,- ասում է Նարե Արամյանը:
Իսկ Մանվել Գասպարյանը հակադարձում է, որ գրադարանն ու պարի խմբի դասասենյակը տնօրենը կարող է տեղափոխել 2-րդ կամ 3-րդ հարկ: Երկու ամիս է, ՀԿ-ի նախագահը հերթագրված է, որ ընդունելության մտնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ և անձամբ նրան ներկայացնի խնդիրը:
Արմինեն 9 տարի է, պայքարում է իր երեխայի առողջության համար
Շենգավիթի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի 1-ին հարկը վերանորոգման կարիք ունի: Եթե այդ տարածքն անվարձահատույց տրամադրվի ՀԿ-ին, ապա Մանվելի համոզմամբ՝ իր ընկերները, նաև արտասահմանյան կազմակերպությունները ներդրումներ կանեն ու կվերանորոգեն: «Ես ընկերներիս մինչ օրս չեմ դիմում, որովհետև մի սենյակի համար ես իրենց չեմ կարող դիմել: Մի սենյակով ես չեմ կարող այսքան ֆունկցիա կատարել»,- ասում է նա:
Պատանեկության ստեղծագործական կենտրոնի 1-ին հարկի սանհանգույցը |
Շենքի հետևի մասը |
Բավարար տարածք լինելու դեպքում ՀԿ-ն կավելացնի խմբակները, կլինի բժշկական սենյակ, երեխաների հետ կաշխատեն արտ թերապիստ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ: Այժմ այդ մասնագետները գալիս են ՀԿ և աշխատում միայն Մանվելի հրավերով:
Մեկ երեխան ՀԿ է հաճախում շաբաթը 1-3 օր: Բավարար սենյակներ լինելու դեպքում երեխաներն ավելի հաճախ կգան ՀԿ:
ՀԿ հաճախող երեխաներից 11-ամյա Արմենը մտավոր հետամնացության և հիշողության հետ կապված խնդիրներ ունի, լավ չի կարողանում բռնել առարկաները: Նա 6 ամիս է՝ շաբաթը 1 անգամ գալիս է «Էմմանուել» ՀԿ-ի դիզայնի խմբակ, որը զարգացնում է նրա երևակայությունն ու շարժումները:
«Իրեն սիրում են էստեղ, և դա իրեն շատ է ոգևորում: Ինքը արդեն էնքան էր հետաքրքրվել, որ տանը, որ երբևիցե իր մոտ չէր ծագել էդ միտքը, լոբիներով ու սոսնձով տուն կառուցեց: Դա շատ մեծ նշանակություն ուներ ինձ համար: Մինչև դա ինքը ալարում էր ուղղակի: Հիմա արդեն ուզում է աշխատել, բռնել, ուզում է ստեղծել»,- ասում է Արմենի մայրը՝ Արմինե Գալստյանը:
Արմենը 2 տարեկան էր, երբ Արմինեն նկատեց, որ երեխան լավ չի կարողանում բռնել խաղալիքները, դրանք մատների արանքից թափվում են:
«Այդ ժամանակվանից արդեն սկսվեց իմ պայքարը իմ երեխայի առողջությունը վերականգնելու համար: Այն, ինչ ես երազել էի, որ երեխան կլինի սա, կլինի նա, ես կմեծացնեմ, նա կսովորի, ծնվելուց հետո ես հասկացա, որ դա ընդամենը երազանք, էդ ամեն ինչը փշրվեց: Ու հետո երբ ես արդեն հասկացա, որ իմ օգնությունը իրեն շատ է պետք, ամեն ինչ վայր դրեցինք ու անցանք Արմենով զբաղվելուն: 2 տարեկանից առ այսօր մենք պայքարի մեջ ենք»,- ասում է Արմինեն: Նրա մյուս երեխան լրիվ առողջ է:
Արմինե Գալստյանը որդու՝ 11-ամյա Արմենի հետ |
Թեև թռիչքային փոփոխություններ չկան, բայց յուրաքանչյուր վերականգնողական կենտրոն իր օգուտը տվել է, և Արմենի վիճակը բավականին բարելավվել է: Նախկինում, երբ Արմենը խոսում էր, միայն ծնողներն էին հասկանում, իսկ հիմա Արմենն արդեն նախադասություններ է կազմում, հարցեր տալիս:
«Ինքը շատ էր ճնշվում իր շրջապատում: Ճիշտ է՝ ինքը իր աուրայով, իր տեմպով շատ աշխույժ երեխա է, բայց իրեն շրջապատում չէին ընդունում, չէին հասկանում դպրոցում: Ինքը շատ բարի, ազնիվ տղա է: Արմենը ուզում է բոլորի հետ շփվել, բոլորի հետ խոսել, բայց հարց է, որ դասարանցիների մեծամասնությունը ճիշտ չի հասկանում»,- ասում է Արմինե Գալստյանը:
Արմենը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որն ունի ներառական կրթության ծրագիր: Մայրն ասում է, որ դպրոցի մասնագետներին զուգահեռ այլ մասնագետներ ևս անպայման պետք է աշխատեն հատուկ կարիքներով երեխաների հետ: Արմենը հայկական ժողովրդական պարերի խմբակ էլ է հաճախում:
Հայաստանում հատուկ կարիքներով երեխաների թիվն աճում է: Մանվել Գասպարյանի խոսքերով՝ պատճառը ծնողների վրա անդրադարձող սոցիալական, քաղաքական իրավիճակն է և սխալ բուժման հետևանքները:
«Իմ երազանքն է ունենալ մի քանի վերականգնողական կենտրոններ բոլոր շրջաններում, մարզերում, որտեղ հատուկ կարիքով երեխաներին և իրենց ծնողներին կօգնեն լիարժեք ինտեգրվել հասարակությանը և հասկանալ, որ հասարակությունը իրենց ոչ թե մերժում է, այլ սիրում և ընդունում է»,- ասում է Մանվել Գասպարյանը:
«Էմմանուել» ՀԿ հաճախող երեխաների աշխատանքները |
Նա օրինակ է բերում սպարտացիներին. երբ սպարտացիները որոշեցին ոչնչացնել բոլոր հաշմանդամ երեխաներին, որոշ ժամանակ անց իրենք էլ՝ որպես քաղաքակրթություն ու պետություն, վերացան: Եվրոպացիներն այժմ գիտակցում են դա և փորձում են այնպես անել, որ հատուկ կարիքներով մարդիկ իրենց զգան հասարակության լիարժեք անդամ: «Էմմանուել» ՀԿ-ի նախագահը նշում է, որ Հայաստանում նման գրեթե բոլոր կազմակերպությունները մեծ մասամբ հովանավորվում են դրսից:
«Բայց չէ՞ որ նրանք մեր երեխաներն են: Սա ամենախոցելի խավն է: Այդ երեխաները հասարակության շատ կարևոր մաս են կազմում, որոնք մարդկանց մեջ կարողանում են պահել բարությունը, մոտիկին օգնելու գաղափարը, խղճմտանքը: Նրանք հիմա շատ անտեսված են»,- ասում է նա:
Մանվել Գասպարյանը պետական որևիցե կառույցից այլևս ակնկալիք չունի: Միայն ուզում է, որ գոնե չխանգարեն ու թույլ տան աշխատել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել