
Նիկոլ Փաշինյան. «Երկրում մի կայացած ինստիտուտ կար, մենք էլ քանդուքար արեցինք, դա կոռուպցիան էր»
Խորհրդարանի հատուկ նիստում ընթանում է վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ չէր խորհրդարանի ինքնալուծարման օրենք ընդունել, և պրոցեսն ավարտել այն փիլիսոփայությամբ, որ խորհրդարանը բարձրագույն մարմին է, և գործադիրն անելիք չունի խորհրդարանի լուծարման հարցում: Պատգամավորը նաև հարցրեց, չպետք է արդյոք արձանագրվի այն փաստը, որ մինչ ընտրություններ հստակեցվի սահմանադրական փոփոխություններ արվելու են, թե ոչ:
«Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխություները լավ բան չեն: Նախկինում էլ ասել եմ, որ առաջարկ եղել է 2018-ին Սահմանադրությունը փոխելու, բայց ես չեմ համաձայնել մի պարզ պատճառով, հասկացել եմ, որ այն միանգամից մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված սահմանադրական փոփոխություն»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուի խոսքով` այն, որ Սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի, հայտնի փաստ է: Ըստ նրա` երկրում պետական հեղաշրջման փորձ էր, և այն արմատախիլ անելը տևեց 15 օր:
«Մեր միակ խնդիրն այն է, որ անդրադարձների մեջ անձնավորված ելույթներ չլինեն, անկախ անձերից ինստիտուտներ նկատի ունենանք: Մեր խնդիրները ինչի հետ են կապված, որ 30 տարի հետո պարզվեց, որ մեր երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա, և դա մեր մեծագույն խնդիրն է, և դա է պատասխանը ինչու էսպես եղավ: Երկրում մի կայացած ինստիտուտ կար, մենք էլ քանդուքար արեցինք, և դա կոռուպցիան էր, պարզվեց դա միակ հենարանն էր, մնացածը խաղաքարտային տնակի նման փլվում է»,- ասաց Փաշինյանը` այդպես էլ չհստակեցնելով սահմանադրական փոփոխություններ լինելու են, թե ոչ:
Մեկնաբանել