
Առաջին եռամսյակում վարկերի ծավալը կրճատվել է. ամենամեծ անկումը «Արցախբանկում» է
Հայաստանի 17 առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը այս տարվա մարտի վերջի դրությամբ (31.03.2021թ.) կազմել է 4 տրլն 17 մլրդ դրամ: 2021-ի առաջին եռամսյակի ընթացքում (2020 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ) բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է մոտ 38 մլրդ դրամով կամ 0.9%-ով:
Այս մասին են վկայում բանկերի` 2021 թվականի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում առկա ցուցանիշները:
«Հետքն» ուսումնասիրել է այդ հաշվետվությունները, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ վարկային պորտֆելով առաջատարները շարունակում են մնալ «Ամերիաբանկը», «Հայբիզնեսբանկն» ու «Արդշինբանկը»: Նշենք, որ 2020 թվականի վերջի տվյալներով ևս առաջատար եռյակում նշված բանկերն էին:
«Ամերիաբանկի» կողմից հաճախորդների տրամադրված վարկերի ծավալը 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 692 մլրդ դրամ, որը 2020-ի տարեվերջի համեմատ նվազել է 0.6%-ով:
«Հայբիզնեսբանկի» վարկային պորտֆելը կազմել է մոտ 625 մլրդ դրամ՝ նվազելով 2.6%-ով:
Երրորդ տեղում գտնվող «Արդշինբանկի» վարկային պորտեֆլը կազմել է մոտ 593 մլրդ դրամ՝ աճելով 0.1%-ով:
Վարկային պորտֆելով առաջատար հնգյակում են նաև «ԱԿԲԱ բանկն» ու «Կոնվերս բանկը», որոնց վարկային պորտֆելներն աճել են եռամսյակի ընթացքում (մանրամասները տե՛ս ինֆոգրաֆիկայում):
Ընդհանուր առմամբ, 17 բանկերից 9-ի վարկային պորտֆելը նվազել է առաջին եռամսյակում: Թե՛ տոկոսային առումով, թե՛ բացարձակ թվով ամենամեծ անկումը գրանցել է «Արցախբանկը»: Բանկի վարկային պորտեֆելն այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 82.3 մլրդ դրամ՝ տարեսկզբի 116.5 մլրդ դրամի դիմաց (անկումը՝ 34.2 մլրդ դրամ կամ 29.4%): «Արցախբանկի» գրանցած այս անկումը էական ազդեցություն է թողել բանկերի ընդհանուր պորտֆելի կրճատման վրա:
Հաջորդ առավել տեսանելի անկումը «Հայբիզնեսբանկում» է, որի վարկային պորտեֆելը կրճատվել է 16.9 մլրդ դրամով:
Վարկերի ծավալով ամենավերջին տեղում «Մելլաթ բանկն» է:
Հատկանշանակ է, որ առաջին երեք բանկերին է բաժին ընկել 17 բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 48%-ը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը 19.4 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել: 2020 թվականի նույն եռամսյակում բանկերի շահույթը կազմել էր 23.3 մլրդ դրամ: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բանկերի զուտ շահույթը կրճատվել է մոտ 4 մլրդ դրամով կամ 16.9%-ով:
Մեկնաբանել