
Ադրբեջանցիները Նոր Ղազանչիի ուղղությամբ կրկին առաջ են շարժվել
Ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ կրկին 370 մետր առաջ են եկել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Նոր Ղազանչիի ղեկավար Ռուսլան Առստամյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանցիները դեռևս դիրքավորված են Նոր Ղազանչիի վարչական տարածքում։
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ վերջիններս ժամերի ընթացքում պետք է հետ գնան։ Ադրբեջանցիները մեկնաբանություն չեն տվել դիրքերի առաջխաղացման վերաբերյալ։
Երեկ՝ ապրիլի 27-ին գրել էինք, որ ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում 370 մետր հետ էին գնացել։ Դրանից առաջ՝ ապրիլի 26-ին, նրանք նույնքան առաջ էին եկել գյուղի ուղղությամբ։
Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանն էլ հայտնեց, որ ադրբեջանցիները նշել են, թե առաջ են եկել վերադասի հրամանով։ Բանակցություններ տարվել են ռուս խաղաղապահների և Արցախի կառավարության միջնորդությամբ։
«Չկա հստակ երաշխիք, որ նման բան այլևս չի լինի»,-նշեց Հայկ Բախշիյանը։
Գլխավոր լուսանկարը՝ «Ապառաժ»-ի կայքէջից
Մեկնաբանել