
Կուսակցությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը, նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով, կենթադրի քրեական պատասխանատվություն
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Նախագծերի համահեղինակի խոսքով` առաջարկվող փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, որպեսզի մինչ արտահերթ ընտրությունների մեկնարկը իրականացվեն, դա է հրատապ ներկայացման պատճառը:
«Առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել տեղամասի արդյունքների անվավեր ճանաչելու հետևանքը: Այսինքն եթե քվեարկության ամփոփման ժամանակ տեղի է ունենում խոչընդոտում, և արդյունքում այդ տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պիտի ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի խոչընդոտում է տեղի ունենում, բայց քվեարկության արդյունքների ամփոփման վրա չի ազդում»,- ասաց Հովակիմյանը:
Առաջարկվում է ամրագրել, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը քրեական պատասխանատվություն առաջացնի:
Հովակիմյանի խոսքով` մինչ հեղափոխությունը ընտրությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ ինչ-որ խմբեր փորձել են ընդդիմության քարոզարշավը խոչընդոտել և մնում էին անպատիժ:
«Փոփոխություններից հետո երբ որևէ մեկը փորձի խոչըդնոտել քարոզարշավը, կենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց նա:
Ըստ փոփոխությունների` նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով։
Նոր դրույթ է ավելացվում տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը: Ըստ այդմ` այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա։
Նոր դրույթ է նաև ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով: Ըստ որի` այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով։ Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգյուրապատիկից երեքհազարապատիկի չափով: Նշվում է նաև, որ նույնականացման ոչ ենթակա աղբյուր է համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը, որը տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են օգտագործողից (ընթերցողից)։
Մեկնաբանել