
Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, կանչվել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությանը։
Վերջինիս տվյալներով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը չունի իրավական հիմք և Անկարան «հերքում է այդ, համարում անընդունելի և վճռական կերպով դատապարտում»։
Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության 106-ամյակին նվիրված իր ուղերձում Բայդենը ХХ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը որակել էր «Ցեղասպանություն»։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին այդ եզրույթի կիրառումից՝ իրենց ուղերձներում նշելով «Մեծ եղեռն» եզրույթը։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նախագահ Բայդենը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները և կոչ արել ուղղել «այդ լուրջ սխալը»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքն անվանել էր անհրաժեշտ ուղերձ միջազգային հանրությանը։
Զուգահեռաբար, Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը և հյուպատոսությունները ապրիլի 26-ին և 27-ին փակ կլինեն, ինչը պայմանավորված է անվտանգության նկատառումներով։ «Ապրիլի 24-ին Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունից հետո կարող են տեղի ունենալ ցույցեր կամ բողոքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ապրիլի 26-ին և 27-ին Անկարայում ԱՄՆ դեսպանությունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ հյուպատոսական գործակալությունը փակ կլինեն ԱՄՆ քաղաքացիների ամենօրյա սպասարկման և վիզային աջակցության համար»,- նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ։
Արտակարգ օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով դիմել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին։
Լուսանկարում Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը/Getty Images
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել