
ԱԺ պատգամավորները կարևորում են հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ի օրակարգում ընդգրկելը
Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները կարևորում են այն, որ Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասացին պատգամավորները:
Այն հարցին, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ն դեմ է քվեարկել, որ հարցն ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ, խմբակցությունների ներկայացուցչները չցանկացան պատասխանել՝ ընդգծելով, որ պատվիրակության անդամները Հայաստան վերադառնալուն պես՝ ասուլիսով հանդես կգան:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը կարևորեց այն, որ հարցն ընդգրկվել է օրակարգում:
Եղոյանի խոսքով՝ որքան էլ Հայաստանը փորձում է գերիների հարցը չքաղաքականացնել, միևնույն է, Ադրբեջանն այն քաղաքականացնում է, հետևաբար քաղաքական ճնշում է պետք բանեցնել՝ հարցը լուծելու համար: Եղոյանն ընդգծեց՝ ԵԽԽՎ-ն դատարան չէ, սակայն ցանկացած հարթակ պետք է օգտագործել գերիների հարցը բարձրացնելու համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ևս կոչ արեց քվեարկության տեխնիկական հարցերն ուղղել պատվիրակության անդամներին:
Լրագրողներն անդրադարձան վարչապետի այն դիտարկմանը, որ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա, ինչին Գորգիսյանը համաձայնեց, սակայն ընդգծեց՝ Փաշինյանն իր թիմով այդ ապագայում անելիք չունի: Ըստ նրա՝ որևէ սխալ շտկելու համար պետք է գիտակցել սեփական սխալը, սակայն Փաշինյանը և թիմը չունեն այդ գիտակցումը, որ ինչ-որ բանում մեղավոր են: Հետևաբար իշխանության մնալու պարագայում շարունակելու են ամեն ինչ քանդել։
Արման Եղոյանը չհստակեցրեց, թե երբ է լինելո վարչապետի հրաժարականը, սակայն ընդգծեց՝ նա է լինելու ժամանակավոր պաշտոնակատար մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեղեկացնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ներկայացուցչներ չկային:
Մեկնաբանել