HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Իմ ընկերոջ ընկերն իմ ընկերը չէ»

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանն ապրիլի 6-ին «Հետք»-ում հրապարակված «Փոխվարչապետի ընկերոջ և նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերնագրով նյութի վերաբերյալ հերքման պահանջ է ուղարկել խմբագրություն։

Հերքման տեքստում նշված է․ «Տեղեկացնում ենք, որ Ստեփան Մաչյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը չէ, և փոխվարչապետի որևէ ընկեր «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում չի աշխատում: Ավելին՝ հրապարակված հոդվածում փոխվարչապետի և «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջև ընկերական կապի մասին պնդումն ամբողջովին մերկապարանոց է: Ձեր կայքում վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Ավինյանի մամուլի քարտուղարը հերքման տեքստում չի անդրադարձել Ստեփան Մաչյանի և Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական և համալսարանական ընկեր Դավիթ Մանուկյանի ընկերական կապին։

Քանի որ մեզ մոտ հարցեր առաջացան Տիգրան Ավինյանի արձագանքից հետո, այդ հարցերն ի մի բերեցինք և ապրիլի 8-ին գրավոր դիմեցինք փոխվարչապետին։ Նրան հարցրել ենք հետևյալը՝

  1.  Ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ձեր նախկին խորհրդական, այժմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի առաջատար վերլուծաբան Դավիթ Մանուկյանի հետ (մանկության ընկերներ, ընկերներ, ուսանողական ընկերներ և/կամ այլն)
  2.  Դուք, Դավիթ Մանուկյանը, Ստեփան Մաչյանը համատեղ լուսանկար ունեք։ Կպարզաբանե՞ք, թե ինչ հանգամանքներում եք լուսանկարվել։ Եվ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք Ստեփան Մաչյանի հետ։
  3.  Ի՞նչ կարծիք ունեք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում Ստեփան Մաչյանի կողմից իր ընկերներին և բարեկամներին աշխատանքի ընդունելու փաստի վերաբերյալ։ Փաստերը շարադրված են հետևյալ հղմամբ։

Միայն ապրիլի 15-ին կարողացանք մեր հարցման պատասխանը ստանալ, որտեղ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, հղում տալով «Տեղեկատության ազատության մասին» օրենքին, նշում է, որ կարող է չպատասխանել այդ հարցերին, բայց, այնուամենայնիվ, որոշակի տեղեկություններ կտրամադրի։

Ներկայացնում ենք Նժդեհ Հովսեփյանի պատասխանը․

«Ելնելով «Տեղեկատվության ազատության» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 2-րդ պարբերությունից, Ձեր կողմից ներկայացված հարցման մեջ նշված փաստի մասին հայցվող տեղեկությունը չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում տրամադրման ենթակա տեղեկատվության պահանջներին։

Այդուհանդերձ, նկատի ունենալով հանրային որոշակի հետաքրքրությունը, հայտնում ենք, որ Տիգրան Ավինյանը և Դավիթ Մանուկյանը համալսարանական ընկերներ են։ Ինչ վերաբերում է ինչ-որ լուսանկարի հարցին, կարող ենք հայտնել, որ իր գործունեության ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բազմաթիվ լուսանկարներ ունի բազում անձանց հետ, իսկ Ստեփան Մաչյանի հետ նրա հարաբերությունների մասին տեղեկացրել ենք Ձեր հրապարակման կապակցությամբ ուղարկված հերքման տեքստում, որը «Հետք» էլեկտրոնային թերթի կողմից ստացվել, սակայն մինչ օրս այդպես էլ չի հրապարակվել։

Ձեր հարցման վերջին կետը ընդհանրապես վերաբերում է որևէ փաստի մասին անձի կարծիքին, ինչը դուրս է «Տեղեկատվության ազատության» մասին ՀՀ օրենքի կարգավորման շրջանակից»։

Մի քանի արձանագրում։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանը Տիգրան Ավինյանի ընկերը չէ, ինչպես վերը շարադրվածից է բխում, այլ՝ ընկերոջ ընկերն է։

Ստեփան Մաչյանը նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է։

Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել իր հետ բարեկամական, ընկերական կապ ունեցող անձանց և բարեկամների ընկերներին։

Ե՛վ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը չեն պատասխանում հարցին, թե ինչպես են վերաբերվում ծանոթ բարեկամներին աշխատանքի ընդունելու փաստերին։ Երկուսն էլ միայն շտապում են ասել, որ Ստեփան Մաչյանը Տիգրան Ավինյանի ընկերը չէ։

Հգ. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ, չսպասելով խոսնակի պատասխանից հետո մեր անդրադարձին, շտապեց մամուլի վերաբերյալ իր դատողությունները ներկայացնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter