
ՊՆ աշխատակազմը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատու. նոր մեթոդաբանության արդյունքները
Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2021թ. առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն դրամ: Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, հաջորդում է ՊՆ աշխատակազմը։
Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած ցանկից։ Կոմիտեն հայտարարել է, որ հարկերի հաշվարկն արդեն կատարվում է նոր մեթոդաբանությամբ՝ համաձայն կառավարության որոշման:
Այս նոր ցանկում նաև որոշ պետական մարմիններ են ընդգրկվել, ներառվել են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Նոր փոփոխություններով՝ հաշվի են առնվել նաև միասնական հաշվին վերադարձված գումարները։
Որպեսզի այս տարվա առաջին եռամսյակի ցանկը համադրելի լինի նախորդ տարվա նույն եռամսյակի հետ, ՊԵԿ-ը վերահաշվարկել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցանկը նոր մեթոդաբանությամբ։ Այդպիսով, փոխվել է ինչպես ընկերությունների ցանկը, այնպես էլ հարկերի ընդհանուր գումարը։
Այս փոփոխությունները դեռ երկար ուսումնասիրելու կարիք կլինի, սակայն ցանկը առաջին իսկ հայացքից ուշագրավ տեղեկություններ է պարունակում։ Օրինակ՝ այն, որ ՊՆ աշխատակազմը, փաստորեն, հանրապետության խոշոր հարկատուն է և վճարել է մեծ ծավալի եկամտային հարկ։
Նոր մեթոդաբանության համաձայն՝ 2020 թվականի առաջին եռամսյակում խոշորների վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 275 մլրդ 316 մլն դրամ։ Այդպիսով, 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը կրճատվել է 15 մլրդ դրամով կամ 5.5%-ով։
2021 թվականի առաջին եռամսյակում հանրապետության խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որը պետական բյուջե է վճարել 18.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ընկերության հարկերի ծավալն ավելացել է 932 մլն դրամով կամ 5.2%-ով։
Երկրորդ խոշոր հարկատուն «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատակազմն» է, որը երեք ամսում պետական բյուջե է վճարել 15 մլրդ դրամի հարկեր, որից 12.8 մլրդ դրամը գոյացել է եկամտային հարկի գծով, մոտ 2 մլրդ դրամ՝ ավելացված արժեքի հարկի, մնացածն այլ հարկերն են։ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ ՊՆ աշխատակազմի հարկերն ավելացել են 6.1 մլրդ դրամով կամ 69%-ով։ Այս աճը գլխավորապես պայմանավորված է եկամտային հարկի գծով վճարված հարկերի ծավալի մեծացմամբ։
Հանրապետության երրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է՝ 9.8 մլրդ դրամի հարկերով։ Հանքարդյունաբերողի հարկերը 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 4.7 մլրդ դրամով կամ 91%-ով։
Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը՝ 4.1 մլրդ դրամի հարկերով, որը նվազել է 958 մլն դրամով կամ 19%-ով։
2021 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որը պետական բյուջե է վճարել մոտ 3.8 մլրդ դրամի հարկեր՝ 148 մլն դրամով կամ 3.8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։
Ինֆոգրաֆիկայում ներկայացված ցուցանիշները հաշվարկված են նոր մեթոդաբանությամբ։
Վեցերորդ տեղում հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (Վիվա-ՄՏՍ) է, որն այս տարվա առաջին երեք ամսում պետական բյուջե է վճարել ավելի քան 3.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն ավելացել է 149 մլն դրամով կամ 4.4%-ով։
Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ 3.1 մլրդ դրամի հարկերով: Ընկերության հարկերը շեշտակի նվազել են՝ շուրջ 5 անգամ։
Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ու «Մասիս տոբակո» ՍՊԸ-ները հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում են:
Ութերորդ խոշոր հարկատուն այս անգամ ավտովառելիքի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է՝ մոտ 3.1 մլրդ դրամի հարկերով, նվազումը՝ 60 մլն դրամ կամ 2%:
Հաջորդում է ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն, որի վճարած հարկերը 2021 թվականի առաջին եռամսյակում կազմել են 2.6 մլրդ դրամ՝ 1.3 մլրդ դրամով կամ 33%-ով պակաս, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ավտովառելիքի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն, որի հարկերը կազմել են 2.6 մլրդ դրամ՝ նվազելով 1.8 մլրդ դրամով կամ 41.1%-ով։
Գլխավոր լուսանկարը՝ mil.am-ի
Մեկնաբանել