
Արա Այվազյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության վերականգման մասին։
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդգծեց` համանախագահները հստակ ընդգծում են` ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական կարգավորմանը` կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
«Այդ առիթով կուզենայի մեկ անգամ ևս հիշեցնել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է, բազմիցս արտահայտվել է, այն է` կարգավորում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը` հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Այն կարող է համարվել հակամարտության կարգավորման վերջնական կարգավորում»,- ասաց նախարարը:
Արա Այվազյանը հիշեցրեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ փաստել են, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախ մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի, մշակութային և կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ:
Վերջիններս նաև կոչ են անում անհապաղ բարձր մակարդակով խորհրդակցություններ սկսել:
«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի դրանք տեղի ունենան, նախևառաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույնը վստահության համար և ձևակերպել հստակ օրակարգ: Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական հայտարարարություններով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց նախարարը:
Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց` առաջիկայում հնարավո՞ր է համանախագահները տարածաշրջան այցելեն, ինչին ի պատասխան Արա Այվազյանն ասաց, որ պարբերական շփումներ են ունենում համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ:
«Կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել համանախագահներին` տարածաշրջանային այցերի հաստատված պրակտիկայի շրջանակներում»,- եզրափակեց Այվազյանը:
Մեկնաբանել