
«Մեզ հետ բերեցինք մեծ վարկային պատմություն, մի ճամպրուկ հագուստ և մեր թութակները»
«Պատերազմի առաջին օրերին դուրս եկանք Փակահանից` մի քանի օրից տուն վերադառնալու ակնկալիքով: Չգիտեինք, որ գյուղը լքում ենք անվերադարձ: Մեր 25 տարվա ստեղծածը թողեցինք այնտեղ ու դատարկաձեռն վերադարձանք: Մեզ հետ բերեցինք մեծ վարկային պատմությունը, մի ճամպրուկ հագուստ և մեր թութակները»,- ասում է Ռիտա Բաբայանը՝ փորձելով ցրել դեմքի տրտմությունն ու աչքերի թախիծը:
25 տարի առաջ Գառնիից Քաշաթաղ տեղափոխված Ռիտա և Մաքսիմ Բաբայանների ընտանիքը 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ վերադարձավ ծննդավայր, որտեղ այլևս ոչինչ չունեն: Գյուղից հեռանալուց 11 տարի անց՝ 2007թ.-ին, հարկադրված վաճառել էին Գառնիի տունը, որովհետև 4 ուսանող կար տանը, և բոլորի ուսման վարձը պետք է վճարեին:
«Մտածում էինք, որ մեր հիմնական բնակավայրն այսուհետ Բերձորն է, որտեղ ոտք դրեցինք 1996թ.-ի հոկտեմբերի 1-ին: Մենք 5 հոգանոց ընտանիքով գնացինք, վերադարձանք 3 ընտանիքով»,- ասում է 68-ամյա Մաքսիմը: Նրանց երեք երեխաները հասակ են առել Քաշաթաղում, ընտանիք կազմել, նույնիսկ երեխաներ են ամուսնացրել: Վերադարձել են 16 հոգով, ընտանիքը մասնատվել է ու տեղավորվել հարազատների տներում: Ամուսիներն որոշ ժամանակ հետո վարձով բնակարան են գտել Ջրվեժ գյուղում և որդիներից մեկի ընտանիքի հետ տեղափոխվել այնտեղ: Գեղեցիկ կահավորված առանձնատան մեջ Բաբայանների միակ սեփականությունը վանդակում ճռվողյուններ արձակող գույնզգույն թութակներն են, որոնց իրենց հետ տնից տուն են փոխադրում:
Տկն Ռիտան հիացմունքով է հիշում Քաշաթաղի Ղոչանց գյուղը, որը նրանց առաջին բնակավայրն էր: «Հեքիաթային կյանքով էինք ապրում Ղոչանցում, հետաքրքիր, արկածային կյանք էր: Տիպիկ հայկական գյուղ է, շուրջ տարին կանաչով պատված: Հրաշալի բնություն ունի, ամբողջովին շրջապատված է հարուստ ու փարթամ անտառներով: Հիասքանչ եկեղեցիներ կան գյուղում: Շատ հանգիստ էր այնտեղ, օդը՝ մաքուր, բերքն ու բարիքը՝ անարատ, Բերձորից վերադառնալիս տոպրակներով պոպոք ու պնդուկ էինք հավաքում»:
«2000 քմ խնձորի այգի ունեինք, ոչ մի բուժանյութ չէի գործածում»,- կնոջ ասածը հաստատում է Մաքսիմը:
Նորեկներն այդ գյուղի 7-րդ ընտանիքն են եղել: Ռիտան ասում է՝ մեզ լավ դիմավորեցին, այլապես ֆինանսական դժվարին վիճակում, ստորացված պայմաններում, ոչ ոք չէր կարող դիմանալ: «1996թ. հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան ընտանիքով հասանք Քաշաթաղի շրջանի Ղոչանց գյուղ: Բնակիչները դիմավորեցին մեզ, ասացին՝ բարով եք եկել և մի հողակտոր ցույց տվեցին՝ սա ձեր բանջարանոցն է: Մեզ հատկացված տունը փոքր-ինչ բարեկարգեցինք, հարմարեցրինք բնակության համար և հաստատվեցինք այնտեղ: Առաջին 4 տարին գյուղում հոսանք չկար, ապրել ենք մոմի լույսով, հետո մի բարակ հաղորդալարով ամեն մեկի տունը մի լամպ անցկացրին»,- տարագրի իր պատմությունն այսպես է սկսում ուսուցչուհի Ռիտա Բաբայանը:
Ասում է՝ այդ տարիներին մինչև 27 ընտանիք ունեցավ գյուղը, որը մեծ թիվ էր տարածքի համար: Հայաստանի տարբեր բնակավայրերից այնտեղ էին տեղափոխվել կա՛մ սոցիալական, կա՛մ ընտանեկան խնդիրների պատճառով: Համայնքապետը կարողացել է շատ միասնական ու համերաշխ համայնք ձևավորել: Գյուղը նոր է կազմավորվել, բոլորը նոր կյանք են սկսել այնտեղ, և դա արել են համերաշխությամբ, սիրով ու միակամ:
«Մենք լիարժեք համայնքային կյանքով էինք ապրում: Տներն իրարից հեռու էին, շփվելու համար կա՛մ ձորով պետք է անցնեիր, կա՛մ սարը բարձրանայիր, սակայն հեռավորությունը չէր նվազեցնում միմյանց նկատմամբ ուշադրությունն ու ջերմությունը»,- շեշտում է տկն Ռիտան: Ասում է՝ երբ գնացինք Քաշաթաղ փոքր տղան 4 տարեկան է եղել, իսկ ավագ որդին մեկ ամիս հետո բանակ է գնացել: Գյուղացիներով հավաքվել են, միասին սեղան պատրաստել: Մեկը՝ վայրի խոզ է որսացել, մեկը՝ ձուկ, բոլորն իրենց տներից ալյուր են բերել, միասին լավաշ ու գաթա թխել և որդուն ուրախ ճանապարհել:
Այդ գյուղի հիմնական խնդիրը ճանապարհն է եղել, որը միշտ մառախլապատ է, երկու կողմը ձոր է: Գյուղից՝ Բերձոր 21 կմ էր, որն անցել են ձորերով, կածաններով ու լեռներով: Բերձորի հետ կապը շաբաթը մեկ եկող «Զիլ» մակնիշի բեռնատարն է եղել, որի թափքին բարձրանալով` գնացել են շրջկենտրոն:
Ռիտա Բաբայանը դասվար է եղել: Ասում է՝ մինչև իրենց գնալը Ղոչանցը դպրոց չուներ, գյուղի մի քանի աշակերտները մեկ տարի հարևան Սոնասար գյուղի դպրոցում են սովորել: Մեքենա էին տրամադրել նրանց տանել-բերելու համար, մինչև հաջորդ տարին իրենց դպրոցն են ունեցել: Բնակիչներով միասին մի շինություն են բարեկարգել ու վերածել դպրոցի:
«Մեկը դուռը բերեց, մյուսը՝ պատուհանը, մեկ ուրիշը ներկ գնեց և այլն: Աշակերտների թիվը գնալով աճում էր, այդ տարիներին մինչև 27 աշակերտ ունեցանք դպրոցում: Բնակիչներից ով քիչ թե շատ կրթություն ուներ, կարող էր մի բան սովորեցնել՝ ներգրավեցինք կրթական պրոցեսում: Միմյանց հետ պայմանավորվեցինք, թե ով ինչ է պարապելու, գնացինք Բերձոր, ներկայացանք շրջանի կրթության պատասխանատուին և մեր «պաշտոնները» հաստատած վերադարձանք: Այդպես ստեղծեցինք մեր դպրոցը»,- պատմում է նա:
Այնտեղ միայն ուսուցիչներն էին աշխատավարձ ստանում, նրանք էլ պարտավորված էին մատիտ, գրիչ, տետր գնել աշակերտների համար: Ծնողները գումար չունեին, որ երեխաների համար գրենական պիտույքներ գնեին: Առաջին տարիներին այդպես են դպրոցը պահել: Աստիճանաբար վիճակը բարելավվել է, մասնագետներ են բերել գյուղ, ուսուցիչներից, ովքեր հիմնական կրթություն են ունեցել, վերապատրաստվել են և շարունակել դասավանդել: Այնուհետև, դպրոցի աշակերտները սովորել են բուհում, և վերադարձել դպրոց` դասավանդելու:
Ռիտա Բաբայանը 23 տարի դասվար է աշխատել, ամուսինը՝ Մաքսիմը, 21 տարի զինվորական պատրաստություն է դասավանդել նույն դպրոցում: Տկն Ռիտան 2014թ.-ին, տղաներից մեկի ընտանիքի հետ տեղափոխվում է Քաշաթաղի շրջանի մեկ այլ գյուղ՝ Փակահան: Ասում է՝ Ղոչանցում աշակերտների թվաքանակը կրկին նվազել էր և ստիպված պետք է աշխատանք փնտրեր: Տեղեկանալով, որ Քաշաթաղի հարավում՝ Փակահանում, ուսուցչի տեղ կա` տեղափոխվել են այնտեղ:
Ղոչանցից՝ Փակահան տեղափոխումը նա այսպես է նկարագրում՝ Ղոչանցի հեքիաթային կյանքից անցանք բնականոն կյանքի: Ասում է՝ Փակահանում քաղաքակրթության հետագիծ կար, պայմաններն անհամեմատ ավելի լավն էին: Դպրոցը մեծ ու գեղեցիկ շենք է ունեցել, որտեղ 50-ից ավելի աշակերտ է սովորել:
Դաշտավայրային այս գյուղում շուրջ տարին բնակիչները զբաղված են եղել: Կլիմայական տաք պայմանները տարվա բոլոր եղանակներին պարտադրել են աշխատել, ժողովուրդն այնտեղ հանգիստ չի ունեցել:
Ընտանիքը որոշում է վերջնականապես հիմնվել Փակահանում, բանկից վարկ են վերցնում՝ իրենց հատկացված կիսաքանդ տունը բարեկարգելու և ընդարձակելու համար: «Անցած տարի 2,5 հա վարունգ էինք աճեցրել և հույս ունեինք, որ վարկը կմարենք այդ գումարով: Արդեն պետք է հավաքեինք վարունգը, շինարարական աշխատանքներն էլ գրեթե ավարտում էինք, երբ սկսվեց պատերազմը ...»,- պատմում է Մաքսիմը:
«Հոկտեմբերի 3-ն էր, ես կոմպոտ էի փակում, ամուսինս գինի էր պատրաստում այդ ժամանակ, երբ հրահանգեցին դուրս գալ գյուղից: Մեր գյուղից կրակն ու ծուխը տեսնում էինք, կրակոցի ձայները լսվում էր, բայց պատերազմը մեր տարածք չհասավ: Հացը սեղանին դրած՝ թողեցինք դուրս եկանք, որովհետև մտածում էինք հետ ենք գնալու»,- ասում է Ռիտան: Ամուսնու ասելով՝ Կառավարությունը համայնքապետերին ասել էր, թե տարհանում չկա, ընդամենը 2-3 օրով պետք է դուրս գան, որովհետև Մեխակավանի տարածքը ռմբակոծում են, կարող է արկերը այդտեղ հասնեն:
«Միայն անձնագրերը վերցրինք, մի ճամպրուկ հագուստ, թութակներին ու հարևանի մեքենայով դուրս եկանք գյուղից: Հարևանուհիս նույնպես մի ճամպրուկ հագուստ էր վերցրել և իր փոքրիկ կատվին»,- պատմում է տկն Ռիտան:
Գնացել են Բերձորի Մելիքաշեն գյուղ, որտեղ իրենց աղջկա ընտանիքն էր ապրում և մինչև հոկտեմբերի 27-ը մնացել են այնտեղ՝ հույս ունենալով, որ հետ կգնան, բայց այնտեղից դատարկաձեռն վերադարձել են Հայաստան: «Մեզ թույլ չտվեցին, որ գնանք մեր կահ-կարասին վերցնենք: Մեր 25 տարվա ստեղծածը թողեցինք այնտեղ՝ տուն, նոր գնված կահույքը, մեքենաները, անգամ ընտանեկան լուսանկարներն ու փաստաթղթերը»,- պատմում են ամուսինները: Տեղահանված և իրենց ինչքը կորցրած Բաբայան ամուսինները շեշտում են, որ միայն երիտասարդների կյանքն են ափսոսում, ուրիշ ոչինչ աչքներին չի գալիս:
Իրենց կյանքի լավագույն տարիները՝ 25 տարի, ընտանիքն անցկացրել է Քաշաթաղում: Թե ի՞նչն են ամենից շատ կարոտում հարցին տկն Ռիտան պատասխանում է. «Ես միայն հիշողություններն եմ կարոտում»:
«Ղոչանցում առաջին հարսանիքն իմ տանն է եղել, առաջին երեխան իմ տանն է ծնվել, իմ բոլոր ուրախություններն ու տխրությունները այդ գյուղի հետ են կապված»,- նշում է Մաքսիմը: Անչափ սիրում ենք գյուղը, բայց այսուհետ ինչ էլ լինի՝ չեմ վերադառնա այնտեղ, Գառնիի տունն էլ վաճառեցինք ու եղածը տարանք, թողեցինք այնտեղ: Մարդիկ իրենց գերեզմանները թողեցին այնտեղ»:
Հայաստանի կառավարությունը որոշակի դրամական աջակցություն է հատկացնում տեղահանված ընտանիքներին՝ սնվելու և իրենց կենցաղը հոգալու համար, բայց տուն ունենալու հեռանկարն անորոշ է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել