
Կառավարությունը կաջակցի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունողներին
Կառավարությունը պետական աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 1-ի նիստում:
Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:
Միջոցառումից օգտվելու համար գործատուն դիմումը պետք է ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։
Հայաստանում զինծառայության հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։
Մեկնաբանել