
Տերյան 107-ում 20 մետրից բարձր կառուցապատում չի թույլատրվում․ իրավական ակտը ոչ իրավաչափ չի ճանաչվել
Արդարադատության նախարարությունը չի առնչվել Երևան քաղաքի Տերյան 107 հասցեում իրականացվող կառուցապատման ծրագրին: Ավելին, դրա հետ կապված հարաբերությունները Արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից դուրս է: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը։
«Ռենշին» ՍՊ ընկերությունը նախատեսում է Տերյան 107 հասցեում 4 մասնաշենքից բաղկացած համալիր կառուցել: Շենքերից երկուսը ցանկանում են 18-հարկանի կառուցել։ Մարտի 17-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի հանրային լսում էր տեղի ունեցել։ Այդ ժամանակ հրապարակվել էր ԿԳՄՍ նախարարության կարծիքն այն մասին, որ Տերյան 107 հասցեն գտնվում է Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիների նախագծով հաստատված թիվ 1 կառուցապատման կարգավորման գոտում, որտեղ գործում է պայմանակարգ։
Ըստ այդմ՝ նոր կառուցվող շենքի քիվի վերին եզրի բարձրությունը փողոցի մայթի մակերևույթից չպետք է գերազանցի 20 մետրը։
Ի պատասխան այս պայմանակարգի, կառուցապատողի նախագիծը պատրաստած ճարտարապետական արվեստանոցի ներկայացուցիչը հայտարարել էր․ «Կանոնակարգի այդ կետի հետ կապված, Ռուստամ Բադասյանի գրության համաձայն, այդ կետը ճանաչվել է ոչ իրավական։ Ու համապատասխան կարծիքը կցված է գործերին։ Արդարադատության նախարարի կարծիքն է ու հիմնավորումը»։
Արդարադատության նախարարության գլխավոր քարուղարը մեզ հայտնեց նաև, որ վարչապետի հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը մասնակցում է տարբեր բնագավառներին վերաբերող իրավական ակտերի կարգավորումների վերաբերյալ քննարկումներին, որոնց վերաբերյալ աշխատանքային կարգով հայտնում է իր դիրքորոշումը:
«Հարկ է նշել, որ վերոնշյալ հարցի կապակցությամբ Արդարադատության նախարարության կողմից պաշտոնական պարզաբանում չի տրվել»,- նշեց նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը։
Մենք ուսումնասիրեցինք Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիների նախագծով հաստատված թիվ 1 կառուցապատման կարգավորման գոտու քարտեզը։ «Ռենշին» ՍՊԸ-ին պատկանող հողատարածքը, որտեղ ծրագրում են համալիրը կառուցել, ամբողջությամբ գտնվում է պատմական միջուկի կառուցապատման կարգավորման գոտու ներսում։
Պատմամշակութային հուշարձանի պահպանության գոտու պայմանակարգը փաստորեն Արդարադատության նախարարության կողմից որևէ պաշտոնական մեկնաբանության չի արժանացել։ Ինչը նշանակում է, որ կառուցապատման նախագիծը պետք է համապատասխանի պայմանակարգին՝ նոր կառուցվող շենքի քիվի վերին եզրի բարձրությունը փողոցի մայթի մակերևույթից չպետք է գերազանցի 20 մետրը։
Այս պայմաններում առաջիկայում կառուցապատողի հայտնի ՇՄԱԳ-ին պետք է դրական կամ բացասական եզրակացություն տրվի։ Դրանից հետո Երևանի քաղաքապետն ընկերությանը կամ կտրամադրի, կամ չի տրամադրի շինարարության թույլտվություն։
Մեկնաբանել