
Էներգետիկ շուկայի ազատականացում. ինչ փոփոխություններ են սպասվում ոլորտում
Շուտով սպառողն ինքը կկարողանա ընտրել, թե որ արտադրողից կամ ի՞նչ աղբյուրից գնի էլեկտրաէներգիա: Սա էներգետիկ ոլորտի ազատականացման հիմնական գաղափարն է, որի իրականացումն արդեն մեկնարկել է Հայաստանում:
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում իրականացնում է շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիր, որի շրջանակներում աջակցում է Հայաստանի կառավարությանը: Այդ ծրագիրն այսօր՝ մարտի 30-ին ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը:
Նա էկրանին ցույց է տալիս ազատականացված էներգետիկ ոլորտի սխեման, որը բազմազան է ներկայիս համակարգի համեմատությամբ, քանի որ կան տարբեր ընկերություններ, սպառողներ, բաշխողներ և թրեյդերներ:
Համաձայն նոր փոփոխությունների` Էլեկտրաէներգիան նույնպես կարելի կլինի գնել օնլայն: Բոլոր գործարքներն ու վճարումները հնարավոր կլինի իրականացնել հատուկ առցանց հարթակի միջոցով, որը կանցնի շուկայի օպերատորին:
Շուկայի ազատականացման ծրագիրը հինգ տարվա ընթացքում է իրականացվելու, որի շրջանակներում երեք ուղղություններով աջակցելու են կառավարությանը, այն է` էներգետիկ շուկայի զարգացում, էներգամատակարարման դիվերսիֆիկացում, միջպետական առևտուր` էլեկտրաէներգիայի առևտուրը խթանելու նպատակով:
Ինչպես բացատրեց բանախոսը, նպատակ է դրվել կառավարությանն աջակցություն ցուցաբերել էլեկտրականացման բարդ և դժվարին գործընթացում, փորձել մշակել նոր կանոններ, որոնք ավելի մոտ կլինեն ԵՄ ստանդարտներին, ստեղծել նոր ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր էներգետիկայի ոլորտում, որը կնպաստի նաև տնտեսական զարգացմանը: Շուկայի ազատականացման համար թափանցիկ միջավայր պետք է ստեղծել, պաշտպանել սպառողներին, ստեղծել նոր հնարավորություններ միջպետական առևտրի համար, ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար:
Ինչ է ենթադրում ազատականացումը
Նոր շուկայում նույնն են մնալու արտադրողները, բաշխիչ ու մատակարար օղակները, սակայն դրանց եւ սպառողների միջեւ գոյանում են մի շարք նոր մատակարար ընկերություններ:
ՀԷՑ-ը կմնա որպես բաշխող և կշարունակի էլեկտրականություն վաճառել:
Սպառողները, սովորական բնակիչները, որոնք կնախընտրեն պահել իրենց ներկայիս կարգավիճակը, իրենց վրա նոր փոփոխություններն ազդեցություն չեն ունենա, քանի դեռ իրենք ցանկություն չունեն փոխել մատակարարին: Իսկ մատակարարողները շուկայի նոր խաղացողներն են լինելու, որոնք պիտի ավելի շահավետ առաջարկներ ներկայացնեն, որպեսզի սպառողն ուզենա երաշխավորված մատակարարողից հրաժարվել և ընտրել իրեն:
Շուկայում հաջորդ խաղացողը կլինի մեծածախ առևտրով զբաղվողը, այն է` թրեյդերները, որոնք թե’ տեղական, թե’ հարևան երկրների հետ առևտրային հարաբերություններում այնպիսի պայմաններ պիտի ստեղծեն, որ հնարավորություն տան կողմերին փոխշահավետ գործարքներ իրականացնել:
Նոր կարգավիճակը, որը դեռ չկա, որակավորված սպառողի կարգավիճակն է եւ վերաբերում է առևտրային մեծ ընկերություններին:
Կանաչ և ավելի մաքուր էներգիա ստեղծելու գաղափարն արդյոք տեղ գտե՞լ է այս ծրագրում` մեր հարցին բանախոսը պատասխանեց. «Ինչպես տեսնում եք, ԵՄ վերջին փաթեթը հիմնականում ուղղված է այդ նպատակին: Մաքուր էներգիան պետք է հնարավոր լինի առավելագույնս օգտագործել շուկաներում: Իհարկե, այդ պրոցեսը բավական բարդ է, որովհետև կա մրցակցություն, անընդհատ փորձում ենք նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի վերականգնվող ռեսուրսներն օգտագործվեն Հայաստանում»,- ասաց Աբգար Բուդաղյանը:
Բարեփոխումները մեկնարկել են
Աբգար Բուդաղյանը հիշեցրեց, որ Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումներն, ըստ էության, մասշտաբային առումով տեղի են ունեցել 2004 թվականին: 2018-ից սկսվել է շուկայի ազատականացման գործընթացը, հաստատվել են լիցենզիաների նոր կաննոներ, իսկ 2019-ի վերջին նոր կանոններ են մշակվել մեծածախ և փոքրածախ առևտրի համար:
Էներգամատակարարման դիվերսիֆիկացման ուղղությամբ փորձում են աջակցել, որպեսզի հնարավոր լինի էներգետիկայի ոլորտում պլանավորել զարգացումը, արդյունավետ համակարգ ունենալ, այդ համակարգի ներդրման ծախսերը սպառողների համար հասցնել նվազագույնի: Արդեն իսկ երկու տարի առաջ առաջին հետազոտությունն են իրականացրել, ապրիլից երկրորդն են սկսելու:
Երկարաժամկետ պլանավորման համար մշակվում է համակարգի անվտանգության գնահատումը, որպեսզի պարզ դառնա, թե որքան կարելի է օգտագործել վերականգնող էներգետիկայի նեուժը, բարձրացնել արդյունավետությունը և նվազագույն ծախսերով հասնել զարգացմանը:
Բանախոսը վստահ է, որ Հայաստանի պարագայում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացումը էներգետիկ անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչներից մեկն է, քանի որ ՀՀ-ն կախված է ներկրվող ռեսուրսներից:
Միջպետական առևտրի զարգացման նպատակով աշխատանքներ են իրականացվում Վրաստանի հետ, որպեսզի էներգետիկայի ոլորտում կիրառվող վրացական ենթաօրենսդրական կարգավորումներըներդաշնակեցնեն հայկականի հետ։ Դա հնարավորություն կտա առևտուր անել Վրաստանի հետ: Երկու երկրների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ կա, որը քննարկում է ընթացիկ աշխատանքները, հետագա ծրագրերն ու անելիքները:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է հատկապես Վրաստանի հետ առևտրի գործիքակազմը խթանելու և զարգացնելու ուղղությամբ» Իրանի հետ նման հարաբերություններ խթանելու վերաբերյալ հարցին բանախոսը խուսափեց հստակ պատասխանել:
«Ըստ էության, եթե շատ ընդհանուր պատասխանենք, շուկայի մասնակիցները` և’ սպառողները, և’ արտադրողները, պիտի հնարավորություն ունենան իրականացնել ուղիղ առևտուր: Ուղիղ առևտրի կանոններն ինչպիսի՞ն կլինեն՝ կախված կլինի, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն երկու հանրապետությունները»,- նշեց բանախոսը:
Էներգետիկ շուկայի ազատականացման ԵՄ փորձը
1996 թվականին ԵՄ-ում առաջին անգամ ընդունվել են միասնական կանոններ: Նախորդող տարիներին առանձին շուկաներ են գոյություն ունեցել: Այնուհետև, 2003 թ. ԵՄ-ում ընդունվել է երկրորդ էներգետիկական փաթեթը: Հետագայում` 2009-ին եւ 2019-ին՝ նոր փաթեթներ: Վերջինը, ըստ Բուդաղյանի, լայն հնարավորություններ է տալիս զարգացման համար::
ԵՄ երկրներում էլեկտրաէներգիայի առևտուրն իրականացվում է անընդհատ ռեժիմով` ամեն օր և ամեն ժամ, ինչպես ցանկացած ապրանքային շուկայում: Սակայն, Հայաստանն իրականացնում է առևտուր տարեկան կտրվածքով, իսկ ԵՄ երկրներում` օրական շուկաներում:
Մեկնաբանել