
Մարաղա՝ 20-րդ տարելից
Ապրիլի 10-ին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կազմակերպեց «Մարաղա՝ 20-րդ տարելից» խորագրով միջոցառումը՝ նվիրված ԼՂՀ Մարաղա գյուղում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հերթական գործողության տարելիցին:
1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղը ենթարկվեց հարձակման Ադերբեջանի կանոնավոր բանակի ռազմական զորամասերի կողմից, ինչի արդյուքնում գյուղը հիմնովին ավերվեց, սպանվեցին տասնյակ բնակիչներ, նրանց մարմինները պղծվեցին, մասնատվեցին ու այրվեցին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին ենթարկվեց հարձակման, վերադարձած բնակիչները բռնագաղթվեցին, տները կողոպտվեցին, դրանցից շատերը հրկիզվեցին:
1992թ. մայիսի 1-ի դրությամբ պատանդության մեջ գտնվող անձանց թիվը 57 հոգի էր, որոնցից 9 երեխա և 29 կին, իսկ սպանվածներինը՝ 59: Մինչ օրս գյուղի 19 բնակիչ անհայտ կորածների ցուցակում են:
Միջոցառման նպատակն է ոչ միայն հիշատակել Մարաղայի անմեղ զոհերին, ում դեմ իրականցվել է այդ դաժան հանցագործությունը, այլև նպաստել մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելմանն ամբողջ աշխարհում:
Միջոցառմանը հրավիրված էին ԼՂՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահի և վարչապետի աշխատակազմերի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ և խմբակցությունների ղեկավարներ, նախարարներ, մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում դեսպաններ և հյուպատոսներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ, բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, արցախյան պատերազմի մասնակիցներ, ինչպես նաև Մարաղա գյուղի բնակիչներ՝ ողբերգության ականատեսներ, տուժածների և զոհերի հարազատներ, ԶԼՄ-ներ:
Ելույթներում բարձրաձայնվեցին այդ հանցագործության իրական պատճառներն ու նպատակը. Մարաղայում տեղի ունեցածը ցեղասպանության հերթական գործողություն է՝ իրականացված Ադրբեջանի կողմից, որը շարունակում է հայերի արտաքսմանը, իրեն չպատկանող տարածքների բռնակցմանը և ռասիզմի բացահայտ քարոզմանն ուղղված ռազմատենչ քաղաքականությունը։
Խոսնակները միահամուռ էին. հետագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու, Ադրբեջանի կողմից իրականացվող, միջազգային իրավունքին հակասող, ուժով սպառնալու, ռասիզմի ու պատերազմի քարոզման քաղաքականության կանխման և պատժման համար անհրաժեշտ է տալ դրանց իրավական գնահատական՝ միջազգային համապատասխան կազմակերպությունների և դատարանների ընթացակարգերի և նորմերի համաձայն։
Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 10 ապրիլի 1992» փաստագրական ֆիլմը, որը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից: Ֆիլմում ներկայացվել են մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Մարաղա գյուղի հանդեպ իրագործված հանցագործության՝ լայն հասարակության համար անհայտ փաստեր ու մանրամասներ։ Ֆիլմի համահեղինակներն են «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունն առաջինն էր, որ 1991թ.-ից զբաղվել է Ադրբեջանում պահվող ԼՂՀ և ՀՀ պատանդների և զինգերիների տվյալների հավաքագրման, ցուցակների կազմման և տարածման աշխատանքներով։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ջանքերով և այլ կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցությամբ 1990-ական թթ. հայրենիք է վերադարձվել մոտ 2000 պատանդ, այդ թվում՝ 20 երեխա։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Լուսանկարը՝ maragha.org կայքից
Մեկնաբանել