
Տգիտությունը ուժ է. 2021-ի Հայաստանը՝ «1984»-ում
Օ’ Բրայենը՝ Օրուելի «1984»-ից, Ուինսթոն Սմիթին ֆիզիկապես ոչնչացնելուց առաջ, նպատակ էր դրել նրան ոչնչացնել` որպես մտածող, խիղճ ու հիշողություն ունեցող անհատի: Ցույց էր տալիս չորս մատներն ու պահանջում, որ նա պնդի, թե տեսնում է հինգ մատ: Հոսանքահարում էր մարմինը, տանջում, բայց Սմիթը պնդում էր՝ տեսնում է չորս մատ: Տանջանքներին չդիմանալով՝ ի վերջո, համաձայնում է՝ տեսնում է ոչ թե չորս, այլ հինգ մատ: Բայց Օ’ Բրայենին դա բավարար չէր: Նա շարունակում էր կտտանքները. նրան անհրաժեշտ էր, որ Սմիթը ոչ թե ցավից համաձայներ, այլ ՀԱՎԱՏԱՐ, որ իր տեսածը ոչ թե չորս, այլ հինգ մատ է:
Նույն վիճակում, կարծես, մենք ենք՝ կորցրինք գրեթե ամեն ինչ, բայց դա բավարար չէ: Մեզնից պահանջվում է ՀԱՎԱՏԱԼ, որ կորուստը ձեռքբերում է: Որ պատերազմը խաղաղություն էր: «Շուշին ադրբեջանական էր: Ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի համար նոր հեռանկարներ է բացում: Պատերազմը, թող որ շատ ծանր գնով, սակայն տարածաշրջանում կայունություն կբերի»:
Վարչապետն՝ իր թիմով, արդեն հավատում է այս ամենին:
Հիմա համազգային հիպնոսի շրջանն է:
Կարող ենք օրվա մեջ մի քանի անգամ կրկնել այս մտքերը, մինչև սկսենք հավատալ, սակայն իրականությունը դրանից չի փոխվի:
Իսկ իրականությունն այն է, որ այսօր, դե ֆակտո, որպես պետություն, գրեթե չկանք:
Այս աղետին ավելանում է մյուսը. երկրի վարչապետը համարժեք չի արձագանքում եղածին: Մարտի 1-ի հանրահավաքին ներողություն է խնդրում՝ հնարավորություն ստանալու նորից անել այն, ինչի համար ներողություն խնդրեց:
Որպես հանգուցալուծում՝ առաջարկվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ ու Սահմանադրության փոփոխություն՝ խորհրդարանական կառավարման ձևից՝ դարձյալ անցում կիսանախագահականի:
Իբրև թե՝ չե՞ք վստահում ինձ՝ պատերազմը, Արցախը, հազարավոր զինվորների կյանքերը տանուլ տված վարչապետիս, խնդրեմ, նոր ընտրություններ անենք, թող ժողովուրդը որոշի՝ վստահու՞մ է ինձ, թե՞ ոչ:
Ու քննարկումների նոր ալիք՝ ա՞յս Ընտրական օրենսգրքով պիտի անցնեն արտահերթ ընտրությունները, թե՞ կարիք կա փոփոխությունների:
Խոշոր հաշվով, իհարկե, Ընտրական օրենսգիրքը բարեփոխումների անհրաժեշտություն զգում է, սակայն այն իրական մարտահրավերները, որոնք Հայաստանի առաջ են, իշխանությունների առաջարկած օրակարգերի հետ որևէ կապ չունեն:
Մանիպուլացնելով իրեն հավատացող բարի ու պարզամիտ մարդկանց՝ հիմա էլ ասում է, թե նրանց որոշմամբ պատրաստ է գնդակահարության պատի տակ կանգնել: Այդ դեպքում՝ ինչու՞ պատրաստ չէ հեռանալու իշխանությունից:
Արտահերթ ընտրությունները նրա հեռանալու երաշխիքը չեն, և դա գիտենք բոլորս:
Ամենից լավ գիտի ինքը՝ Փաշինյանը: Դրա համար էլ համաձայնել է այդ տարբերակին:
Արտահերթ ընտրությունները, եթե անգամ լեգիտիմ լինեն, ներքաղաքական ճգնաժամը ոչ թե լիցքաթափելու են, այլ ավելի սրելու:
Հայաստանի հասարակությունը, որքան էլ տխուր եզրահանգում է, Փաշինյանի մանիպուլյացիաների առաջ անզոր է:
Իրականության, մարտահրավերների լրջության աստիճանը գործող իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը չի պատկերացնում: Միայն դեմոգրաֆիկ ոլորտում աղետալի կանխատեսումներ են արվում: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2050թ.-ին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ: Զեկույցը պատերազմից առաջ էր:
Մեր քաղաքական օրակարգում մանր-մունր, ոչինչ չտվող, ժամանակը վատնող ու պետությունը հյուծող հարցեր են: Պետականությունը տանուլ տված իշխանությունները չափազանց զգայուն են իրենց հանդեպ զայրույթը արտահայտողների նկատմամբ: Հենց այսօր ԱԺ-ն ընդունեց Ալեն Սիմոնյանի առաջարկած փոփոխությունները Քաղաքացիական օրենսգրքում՝ ովքեր կվիրավորեն իշխանություններին կամ կզրպարտեն, կտուգանվեն երեքից վեց միլիոն դրամի չափով։
Փաշինյանի ղեկավարությամբ՝ նրա թիմը Փաշինյանի հեռանալու անհրաժեշտությունը չի գիտակցում: Կամ ձևացնում է, թե չի գիտակցում՝ առաջարկելով իրավիճակի փրկության անարդյունավետ, կեղծ օրակարգեր՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Սահմանադրության փոփոխություն:
Իրավիճակը լիցքաթափող մեկ տարբերակ կա, թերևս՝ Փաշինյանը պետք է հեռանա, չքվի Հայաստանի քաղաքական կյանքից՝ որպես պետություն, ինստիտուտներ վարկաբեկող, կործանող էներգիա ունեցող գործիչ:
Բայց նա ամեն գնով ուզում է վերընտրվել: Ծնկի գալով երիտասարդ տղաների գերեզմանների վրա, համբուրելով նրանց մայրերի ձեռքերն ու աղի արտասուք թափելով՝ խղճահարություն առաջացնելով՝ ձայներ աղերսելն անպատիվ քայլ է:
Ուրեմն հարց է առաջանում՝ որպես երկրի ղեկավար՝ իր աշխատանքը տապալած, Հայաստանի մահվան վկայականը ստորագրած մարդն ի՞նչ օրակարգով է ցանկանում շարունակել պաշտոնավարումը:
Ի՞նչ ունի անելու, որ դեռ չի հասցրել։ Միակ բանը, որը, թերևս, իր պաշտոնավարման ընթացքում դեռ կարող է անել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատացնել է, թե Արցախի կորուստն ու Հայաստանի ինքնիշխանության կորուստը, հազարավոր զոհերն ու հաշմանդամները հանուն կայուն խաղաղության էին, հանուն Հայաստանի զարգացման հեռանկարի: Պետք է, որ մենք այնքան կրկնենք այս մտքերը, մինչև սկսենք ՀԱՎԱՏԱԼ:
Իսկ այս դեպքում հանգուցալուծումն արդեն իսկ նկարագրված է «1984»-ի վերջին պարբերության մեջ:
Իրականությունը տեսնող, Մեծ Եղբոր վտանգները հասկացող Սմիթին դարձրել էին հիշողությունը, խիղճը կորցրած, բայց կուշտ մանկուրտ: Սակայն դա էլ ողջ մնալու երաշխիք չէր: Նրան տանում են գնդակահարության, սակայն. «…Ամեն ինչ լավ է: Հիմա ամեն ինչ լավ է: Պայքարն ավարտվեց: Նա հաղթանակ տարավ ինքն իր նկատմամբ: Նա սիրում էր Մեծ Եղբորը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել