
Թաղամիրի ոսկու պաշարների ուսումնասիրության նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասերում հետախուզական աշխատանքներ իրականացվելու «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի նախագծին: Սակայն փորձագետն անտեսել է «Արևիք» ազգային պարկի հետ հայցվող տարածքի համընկնման փաստը:
Համաձայն նախագծի` Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի պատկան տարածքից երկու տեղամաս: Ողջ տարածքը զբաղեցնում է 290 հա մակերես, որից առաջինը` 124 հա, երկրորդը` 166 հա: Հանքերևակումը գտնվում է Լիճք գյուղից 2,5 կմ արևելք, իսկ Այգեձոր ավանից` 7 կմ հեռավորության վրա, Մեղրի գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանում:
Հիշեցնենք, որ ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ Թաղամիրի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքի մի մասը հատվում է «Արևիք» ազգային պարկի տարածքների հետ։ Թե որքանն է համընկնում ազգային պարկի տարածքին, ընկերությունը նախագծում չէր մանրամասնել:
Մինչդեռ դրական եզրակացություն տվող գլխավոր մասնագետ Յուրի Մատինյանը, հղում կատարելով մասնագետի ուսումնասիրության արդյունքներին, գրել է, որ երևակման տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ և վտանգված էկոհամակարգեր չկան: «Արևիք» ազգային պարկի տարածքների հետ համընկնման փաստը փորձագետն առհասարակ շրջանցել է:
Դրական եզրակացության փաստաթղթում արձանագրվել է, որ Մեղրի համայնքում հանրային քննարկումներ են անցկացվել, որոնց ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը:
Փորձաքննական պահանջներ են առաջադրվել «ԱՏ-Մետալս»-ին: Մասնավորապես, իրականացնել շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգ, հետևել ՇՄԱԳ-ում ամրագրված բնապահպանական միջոցառումների իրականացմանը, ապահովել ռեկուլտիվացիոն միջոցառումների իրականացումը, բացառել ծանր տեխնիկայի աշխատանքն ուսումնասիրվող տարածքում և շրջակայքում, կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնադրման և ձվադրման ժամանակահատվածում դադարեցնել աղմուկ առաջացնող տեխնիկական միջոցների կիրառմամբ աշխատանքները, ապահովել սոցիալական մեղմացման միջոցառումների կատարումը, որը համաձայնեցվել է Մեղրիի համայնքապետարանի հետ, առանձնակի ուշադրություն դարձնել հարակից անտառային ծածկույթի պահպանմանը` բացառելով «Զանգեզուր կենսաոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնապահպանական տարածքներում ուսումնասիրության աշխատանքների իրականացումը:
Հիշեցնենք, որ վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի և որդու մասնակցությամբ «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն 2014-ին ստացել էր Մեղրասարի ոսկու հանքավայրի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք: Այն վավեր է մինչև 2022 թվականը: Ըստ ամենայնի, Հովսեփյանների ընտանիքը որոշել է ընդլայնել տարածքը և սկսել ուսումնասիրել պոտենցիալ ունեցող տարածքները:
«ԱՏ պլյուս»-ը նաև Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ էր ներկայացրել:
Մեկնաբանել