
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու
Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարար Սամվել Գալստյանի հարազատները դիմում են ներկայացրել դատարան՝ Կարապետյանի և Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Դատավոր Վահե Միսակյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նշենք, որ Գալստյանն ու Կարապետյանն անցնում են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով: Նրանք մահացել են կորոնավիրուսից:
Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործով անցնում է հինգ անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Նիստին զուգահեռ դատարանի դիմաց բազմամարդ բողոքի ակցիա է:
Մեկնաբանել