
Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով
2020 թվականին մեկնարկած «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» փորձարարական որսի պիլոտային ծրագիրը 2-րդ փուլ կունենա: Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 18-ի նիստում:
Շրջակա միջավայրի նախարարությունը փորձարարական որսի 2-րդ փուլը կիրականացնի այս տարի: Դրա համար հիմք են հանդիսացել 2020 թվականին Սևանա լճում իրականացված կենսապաշարի հաշվառման տվյալները և ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ իրականացված քննարկումների արդյունքները։
Սիգի փորձարարական որսի շրջանակում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ: Ըստ նախագծի՝ ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս: Որսն իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը:
Համաձայն ԳԱԱ-ի հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը մոտ 586.2 տոննա է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հիմա Սևանա լճի մակարդակի աննախադեպ չափ ունենք:
Շրջակա միջավայրի նախարարն էլ նշեց, որ այսօրվա դրությամբ, նախորդ տարվա մարտի 18-ի համեմատ, լճի մակարդակի 15 սմ բարձրացում ունենք:
«Առավելագույն նիշը հունիս-հուլիս ամիսներին է արձանագրվում, բայց այս տարվա կանխատեսումով կարող եմ ասել, որ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու՝ հասնելով 1901 մետրի: Դա նաև Արփա-Սևան ջրատարով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի արդյունք է»,- հայտնեց Ռոմանոս Պետրոսյանը:
Ծրագրով նախատեսված գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն։
Մեկնաբանել