
Վաղը տեղի կունենա Մարաղայի ցեղասպանության 20-ամյակին նվիրված միջոցառում
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ապրիլի 10-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում է Արցախի Մարաղա գյուղում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ «Մարաղա - 20 տարի անց» խորագրով:
Միջոցառման նպատակն է հիշատակել ոչ միայն խաղաղ բնաչության դեմ Ադրբեջանի իրականցրած հանցագործության զոհերին, այլև նպաստել մարդկության դեմ ուղղված նման հանագործությունների հետագա կանխարգելմանը ողջ աշխարհում:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 10 ապրիլի 1992թ.» ֆիլմը, որը նկարահանել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը: Համահեղինակներից է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Ֆիլմում ներառված են բազմաթիվ փաստագրական նյութեր, այդ թվում փաստեր, որոնք հավաքագրել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն: Իրականացված ոճրագործության առաջին իսկ ժամերից կազմակերպությունը նախաձեռնել է այդ ողբերգության մասին տեղեկությունների հավաքագրումն ու տարածումը:
Պատանդներին հայրենիք վերադարձնելուն ուղղված կազմակերպության ջանքերի և այլ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ 1992-1998թթ. վերադարձվել է մոտ 2000 անձ, որից 20-ը՝ երեխա: Այս մասին հայտնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն:
Լուսանկարը՝ maragha.org կայքից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել