
ՊՎԾ պետի նորանշանակ տեղակալի ու նրա կնոջ ունեցվածքը
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանի կենսագրական տվյալների համաձայն՝ պետական համակարգում նա աշխատում է 1999թ.-ից: Տեւական ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած Եղոյանը զգալի դրամական միջոցներ եւ գույք ունի։
Արա Եղոյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է վարչապետի 2021թ. փետրվարի 4-ի որոշմամբ: Մինչ այդ նա աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում՝ զբաղեցնելով օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի, դրանից առաջ՝ Եղեգնաձորի, Էրեբունու բաժինների պետերի և այլ պաշտոններ:
Արա Եղոյանը 2021թ. մարտի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր:
Հայտարարագրի համաձայն՝ Արա Եղոյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 4 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն և հողամաս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, բնակարան և ավտոտնակ՝ Արաբկիրում:
2019-2020թթ.-ին Եղոյանը գնել է երկու ավտոմեքենա՝ 2015թ. արտադրության HONDA և 2007թ. արտադրության TOYOTA:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, պետական պաշտոնյան ունի 5 հազար 500 դոլարի չափով ավանդ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր բանկային հաշվին ունեցել է մոտ 2000 դոլար և 28 հազար դրամ:
Արա Եղոյանը նախընտրում է գումարը կանխիկ պահել: Փետրվարի 5-ի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար և 25 հազար եվրո կանխիկ գումար:
2021թ. պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Եղոյանի եկամուտը եղել է 1 մլն 815 հազար դրամ, որը ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից:
2019թ. փետրվարի 15-ի դրությամբ, երբ Արա Եղոյանը թողնում էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի պաշտոնը, ըստ հայտարարագրի, ունեցել է 3 անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և ավտոտնակ: Իսկ դրամական միջոցները կազմել են 33 մլն դրամ, 51 հազար դոլար և 25 հազար եվրո: Նշված օրվա դրությամբ ստացել էր 7 մլն 625 դրամ եկամուտ, որից միայն 6 մլն 797 հազար դրամը մեկուկես ամսվա աշխատավարձն է եղել:
Համեմատության համար նշենք, որ Ա. Եղոյանը 2018թ. տարեկան հայտարարագիրը ներկայացնելիս որևէ գույք չէր հայտարարագրել: Իսկ նշված տարվա վերջում ունեցել էր 28 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո: Եկամուտները կազմել էին մոտ 9 մլն դրամ և 1440 դոլար:
2017թ.-ին Ա. Եղոյանը զբաղեցրել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը: Այդ ժամանակ հայտարարագրել էր 32 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո: Եկամուտը կազմել էր 27 մլն 455 հազար դրամ, որից 21 մլն դրամը` ստացված փոխառություն:
Արա Եղոյանի կինը՝ Սուսաննա Եղոյանը, «Ինկոմկենտրոն» ՍՊԸ-ում զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը: Այս տարվա փետրվարի 5-ի դրությամբ նրա եկամուտը կազմել է մոտ 43 հազար դրամ, որը աշխատավարձի գումարն է:
Փոխարենը զգալի են ունեցած դրամական միջոցները: Մասնավորապես, որպես կանխիկ գումար Ս. Եղոյանը հայտարարագրել է 22 մլն դրամ, 47 հազար դոլար, 2 մլն ռուսական ռուբլի, 52 հազար եվրո: Իսկ բանկային հաշիվներին ունեցել է 146 հազար դրամ և 897 դոլար:
Սուսաննա Եղոյանն ունի նաև հանձնված ավանդ՝ 38 հազար 700 դոլարի չափով:
Ինչ վերաբերում է պաշտոնյայի տիկնոջ գույքին, ապա նա հայտարարագրել է 2016թ. արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019թ.-ին: Ունի նաև 10 միավոր անշարժ գույք:
Սուսաննա Եղոյանը ամուսնու հետ 4 միավոր գույքի համասեփականատեր է, իսկ միանձնյա սեփականության իրավունքով նրան է պատկանում ավտոտնակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հասարակական նշանակության շինություն, հողամաս և ավտոտնակ Արաբկիրում:
Սուսաննա Եղոյանը 2017թ. հայտարարագրել էր ընդամենը մեկ բնակարան, որը նույն տարում վաճառել էր 22 մլն 500 հազար դրամով: Այդ տարում նրա հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 30 մլն դրամ, 98 հազ. դոլար, 53 հազ. եվրո և 2 մլն ռուբլի:
Մեկնաբանել