
«Առանց Նիկոլ Հայաստան»․ ընդդիմությունը շարունակում է իր ակցիաները
Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում անցկացրած հանրահավաքին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության ակցիան։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ելույթի սկզբում հայտնեց, որ Կապանում ևս անցկացվելու է հանրահավաք, և իրենք իրենց աջակցությունն են հայտնում կապանցիներին։
Անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի հայտարարությանը՝ Գեղամ Մանուկյանը նշեց, որ իրենց հայտնի է դարձել, որ ազատման հրամանագիր նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել։ «Մեր միասնականությունը պետք է դառնա այն գրավականը, որ որևէ այլ փաստաթուղթ, որը գնում է Կառավարության շենքը զբաղեցնող հողատուից, այլևս չպետք է վավերացվի։ Նա այլևս տեղ չպետք է ունենա մեր երկրում, չպետք է շնչի մեզ հետ այս օդը»,- նշեց նա։
Մանուկյանը հայտարարեց, որ կանգնած են ԳՇ-ի բարձրաստիճան սպաների կողքին։ «Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին բանակի դեմ հանել, դա իր ձեռագիրն է, ժողովրդին բաժանել տարբեր հատվածների և բախումներ հրահրել, դրա համար մեզ պետք է վճռականություն և զսպվածություն»,- հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ Ըստ նրա՝ ավարտվում է այն փուլը, երբ Նիկոլ Փաշինյանին պիտի դեն շպրտել և սկսել 2-րդ փուլը՝ վերականգնել հայրենիքը:
Ընդդիմության միասնական առաջնորդի խոսքով՝ այսօր ժողովրդի միասնության օրն է, և բանակը ունի սահմանադրական իրավունք՝ նշելու ամենակարևոր թշնամուն, որը սպառնում է ՀՀ անվտանգությանը: «Մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որը պետք է հեռացվի և գնա»,- հավելեց Մանուկյանը: «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդը կոչ արեց ԱԱԾ-ին և ոստիկանությանը միանալ բանակին և ոտքի կանգնեցնել պետությունը։ Դիմելով պատգամավորներին՝ նշեց, որ պետք է դուրս գան «Իմ քայլը» խմբակցությունից և այդ սև բիծը չվերցնեն իրենց վրա։
Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկանությանը չենթարկվել Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ։ Իսկ իշխանությանը հորդորեց խաղաղ ու անցնցում հեռանալ։ Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի Ազգային ժողով։
Մեկնաբանել