
1.7 միլիարդ դրամով Արտյոմ Մովսեսյանի կնոջ ընկերությունը ŠKODA–ներ կմատակարարի ոստիկանությանը
Կառավարության փետրվարի 25-ի նիստում որոշվեց «ՀՀ 2021 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և վերաբաշխում իրականացնել և գնման պայմանագրում փոփոխություն կատարել։
Ըստ այդմ, ոստիկանությունն իրավունք ստացավ «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ 2020 թ.-ին կնքված մեքենաների գման պայմանագրում փոփոխություն իրականացնելու։ Այդպիսով, ոստիկանության պարեկային ծառայության համար ձեռք բերվող 140 մեքենաները կմատակարարվեն մինչև 2021 թ.-ի հուլիսի 1-ը։
Փոփոխություններով նաև նվազեցվել է մեկ միավոր մեքենայի գինը։ 1.8 միլիարդ դրամ արժեցող պայմանագրի գինը նվազեցվել է։ Նախորդ տարվա նոյեմբերին համաձայնագիր է ստորագրվել, որով ŠKODA OCTAVIA տեսակի մեկ մեքենայի գինը 12 միլիոն 885 հազար դրամից իջեցվել է 12 միլիոն 751 հազար դրամ։ Մեկ մեքենայի հաշվով նվազեցվել է 134 հազար դրամ։ Պայմանագրի գինը դարձել է 1 միլիարդ 785 միլիոն 140 հազար դրամ։
«Չեխ ավտո» ՍՊԸ-ից գնումն իրականացվել է հրատապ բաց մրցույթ ընթացակարգով։ Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են 2001-2016 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արտյոմ Մովսեսյանի կնոջը՝ Ալբինա Մովսեսյանին։ Նա ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել 2020 թ.-ի հունվարին, իսկ մինչ այդ դրանք պատկանում էին Մովսիսյանների զավակներին։
Մեկնաբանել