
Արտաշես Բոյաջյանն ընդդեմ Գյումրու քաղաքապետի. «Թանգարանի աշխատակցի գործը տանիք շուշաթղթելն ու ներկելը չէ»
Կառավարության 2018թ. հուլիսի 26-ի 837-Ա որոշմամբ` Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող «Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ նախկին շենքն անհատույց եւ անժամկետ օգտագործման հանձնվեց Շիրակի Երկրագիտական թանգարանին: 1930թ․ ստեղծված թանգարանը, որտեղ պահվում է 30 հազար ցուցանմուշ, 3 տասնամյակից ավելի զրկված էր շենքային եւ գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից: Շենքը թանգարանի տնօրինությանն է հանձնվել բավական անմխիթար՝ կիսաթալանված վիճակում: Մոտ 3000 քմ տարածքով եռահարկ շինության վերանորոգման համար, ոչ պաշտոնական հաշվարկներով, անհրաժեշտ է 1 մլն դոլլարից ավելի գումար:
«1 մլն դոլար, գուցե 2 մլն, դա մոտավոր թիվ է: Նախագծանախահաշվային աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն, միայն առաջին մասն է արված,երբ ավարտվի կոնկրետ գումարն էլ պարզ կլինի,-ասում է թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը,-մենք 2021թ․ հունվարի 11-ին ենք պայմանագիր կնքել «Քվադրում» կազմակերպության հետ 18 ամիս ժամանակով, սակայն աշխատանքները ձգձգվեցին սկզբում համաճարակի, հետո պատերազմի պատճառով: Էս ընթացքում Համազասպ Խաչատրյանն ու ես մշակել ենք թանգարանի ցուցադրության գիտական հայեցակարգը, այսինքն՝ ինչ սրահներ պիտի լինեն, ինչպիսի տեղադրությամբ եւ այլն: Այս քանի օրն էլ Երեւանից եկան շենքի ներսում չափագրումներն արեցին: Գուցե շատ բաներ տեսանելի չեն, որովհետեւ մենք ամեն մի արածը չենք գովազդում, բայց հայտարարել, թե ոչ մի աշխատանք չի արվում, չի կարելի»:
Տնօրենին վրդովեցրել էր ավագանու վերջին նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանի արտահայտած միտքը, թե շենքի հետ կապված տեսանելի ոչինչ արված չէ, եւ թե ինչու թանգարանի աշխատակիցները շենքի տանիքը չեն ներկում:
«Ճիշտն ասած ես հեռուստատեսությամբ եմ լսել, որ պարոն Բալասանյանն ասում է, թե թանգարանի աշխատողներով 100 հազար դոլար հավաքեն, գուցե դրամ է նկատի ունեցել՝ լեզվի սայթաքում է եղել, չգիտեմ, հա, թող փող հավաքեն, ներկն առնեն, ելնեն տանիքը շուշաթղթեն ու ներկեն: Նախ նախագծման աշխատանքների ընթացքում, ինչպես նաեւ վերանորոգման ընթացքում հնարավոր է ինչ-որ փոփոխություններ լինեն, եւ տեղին չէ պահանջել ներկել, այսինքն՝ անել հավելյալ ու էս դեպքում ավելորդ ծախսեր, այն էլ մեր աշխատակիցների խղճուկ աշխատավարձի հաշվին,- նկատում է Արտաշես Բոյաջյանը,- մյուս կողմից էլ ինչու է նման պահանջ դնում քաղաքապետը, երբ ոչ մի լումայով չի օժանդակել թանգարանին հատկացված շենքի համար կազմակերպված դրամահավաքին: Բացի դրանից էլ չմոռանանք, որ մենք համայնքային կառույց չենք, Երկրագիտական թանգարանը մարզպետարանի ենթակայության տակ է, ու առ այսօր ես ոչ մի դժգոհություն մարզպետարանից չեմ ստացել, թե իբրեւ աշխատանքներ չեն տարվում»:
Գյումրու նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը մինչեւ Երկրագիտական թանգարանին հանձնելը՝ դարձել էր կռվախնձոր շահագրգիռ որոշ կազմակերպությունների եւ անհատ անձանց միջեւ: Երբ 6 տարի անց, կառավարության որոշումով շենքը հանձնվեց Երկրագիտական թանգարանին, տպավորություն էր ստեղծվել, որ կրքերը հանդարտվել են, պարզվում է դա այնքան էլ իրականություն չէ:
«Ես մի քանի անգամ լսել եմ, որ քաղաքի գլխավոր ճարատարապետ Հենրիկ Գասպարյանը եւ քաղաքապետը ինչ-որ դժգոհություններ են հայտնում, թե վարչական շենքերի կարիք կա: Մենք խնդիր ունեցանք նաեւ ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հետ, քանի որ շենքը մեզ հանձնելուց հետո դիմել էին կառավարությանն ու կառույցի մի մասի նկատմամբ հավականություններ ներկայացրել: Հիմա այդ հարցը լուծված է, շենքն ամբողջովին մերն է: Որոշներին թվում է, թե շինությունը էնքան մեծ է, որ դեռ մի բան էլ շատ է թանգարանին, սակայն ասեմ, որ 30 հազար ցուցանմուշ տեղավորելու համար հազիվ էլ բավականացնի: Մենք նախատեսել ենք նաեւ ունենալ կոնֆերանս դահլիճ, համակարգչային սրահ, բոլոր ցուցանմուշները ներկայացվելու են ըստ ժամանակագրության եւ թեմատիկայի: Երբ աշխատանքներն ամբողջանան, մենք թերեւս կունանք քաղաքում եզակի մի թանգարան թե՛ մեծությամբ, թե՛ հագեցվածությամբ»,- նկատում է Արտաշես Բոյաջյանը:
Հիշեցնենք, որ նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելուց հետո հայտարարվեց դրամահավաք, որին մասնակցեցին մշակույթի նախարարության ենթակառույցները՝ փոխանցելով իրենց մեկ աշխատանքային օրվա հասույթը, մեկ բարեգործական կազմակերպություն՝ 2 մլն դրամ փոխանցումով, 5 մլն դրամ փոխանցել էր «Երեւան, իմ սեր» հիմնադրամը, որոշակի գումարներ էին փոխանցել Գյումրու Հայագիտական կենտրոնը եւ «Բիոսոֆիա» հկ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը: Ամբողջը կազմել էր 15 մլն դրամ:
«Ոչ մի գործարար, ոչ մի բարերար, որեւէ դրամական միջոց չի տրամադրել դրամահավաքի ժամանակ, համայնքի բյուջեից եւս գումար չի փոխանցվել,- շեշտում է թանգարանի տնօրենը,- ես հիմա սպասում եմ, որ նախագիծն ամբողջանա, մտնեմ նոր մարզպետի մոտ, որ մարզպետարանի միջոցով էլ այն կարողանանք ներկայացնել կառավարությանը: Թանգարանի աշխատակցի գործը տանիք ներկելը չէ, դրա համար կան ավելի պրոֆեսիոնալ մարդիկ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել