
Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղերի համար կմրցեն Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Գագիկ Գինոսյանը
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի երկու թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 հոգի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, նախկինում «ՊանԱրմենիան» մեդիա գրուպի խորհրդատու, հեռուստավարկանիշները չափող «Ադմոսֆեր» ընկերության նախկին տնօրեն Վազգեն Ավետյանը, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը և ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը:
Այսօր՝ փետրվարի 18-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են հանձնաժաղովի չորս անդաները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը:
Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են ներկայացված հայտերը, մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 26-ին:
Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի 5 հոգանոց խորհուրդը պետք է համալրվի եւս երկու անդամով՝ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջի։ Ըստ 2020 թվականին ընդունված օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ Խորհրդի նախագահ եւ 6 անդամ։ Խորհուրդը ներկայում ղեկավարում է Արա Շիրինյանը, իսկ 4 անդամներն են՝ Ստեփան Զաքարյան, Նարա Շլեպչյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Լեւոն Գալստյան։
Մեկնաբանել