
Քաջարանի համայնքապետն իր քվեն իշխանություններին չի տալու
ՀՀԿ-ի անդամատոմսը վայր դնելուց հետո Սյունիքի մարզի Քաջարան գյուղի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը չի պատրաստվում այլ կուսակցության անդամակցել: «Ինչի՞ս է պետք»,- կուսակցական դառնալու հարցին այսպես է պատասխանում համայնքապետը:
Ռաֆիկ Աթայանը «Հետքին» տեղեկացրեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու են եւ քվեարկելու են նրա օգտին, «ով գյուղի կողքին կանգնի, գյուղացիների խնդիրները բարձրացնի»:
Համայնքապետը դժվարացավ գյուղացիների անունից ասել, թե հիմնականում որ քաղաքական ուժին են իրենց քվեն տալու, սակայն միանշանակ պատասխանեց, որ ինքը իշխանությունների օգտին չի քվեարկելու: «Ես ինչի՞ իշխանությանը ձայն տամ: Մի տարի է՝ բողոքում եմ, ոչ մի տեղ չի անցնում ձայնս, ինչի՞ համար նրանց օգտին քվեարկեմ»,- ասաց Ռաֆիկ Աթայանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշումով Քաջարան գյուղի տարածքների մի մասը ճանաչվել են հանրային գերակա շահ եւ հատկացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Գյուղացիները մեկ տարի շարունակ բողոքում են կառավարության որոշման դեմ, սակայն` ապարդյուն:
Մեկնաբանել