
Վարչապետ․ «2020 թվականին երկու ոլորտում աճ է գրանցվել, մեկը գյուղատնտեսությունն է»
Կառավարությունը փետրվարի 11-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է բարելավել Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները և ընդլայնել լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակը։
Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի հուլիսից, որի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով սարքավորումների մատակարարումն է:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագիրը մեկնարկից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հաստատվել է 201 շահառուի լիզինգի տրամադրման 293 հայտ՝ շուրջ 8,9 մլրդ դրամի չափով, որոնց շրջանակներում ձեռք է բերվել շուրջ 750 միավոր սարքավորում, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ:
«2020 թվականին երկու ոլորտում է աճ գրանցվել, որոնցից մեկը գյուղատնտեսությունն է, որտեղ որոշակի դերակատարում ունի նաև այս ծրագիրը»,- արձանագրեց վարչապետ Փաշինյանը։
Ծրագրի շրջանակում լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1 մլրդ դրամ։ Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման համար որպես հիմք սահմանված ֆինանսական կազմակերպությունների հանդեպ տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրվանից ավելի ժամկետը փոխարինվում է մինչև 90 օր ժամկետով։
Բացի այդ, առաջարկվում է նաև նախագծի գործողությունը տարածել 2020 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերություների վրա, որպեսզի նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջանակներում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումները Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանավորված՝ ապահովվեն ծրագրով նախատեսված պայմանները, ինչպես նաև մեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։
Նախագծի ընդունման արդյունքում կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, կապահովվի ծրագրի շրջանակում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների լիզինգի տրամադրումը, ինչպես նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։
Մեկնաբանել