
«Արմենիա Վայն»-ը 40 մլն դոլար ներդրմամբ «Դիջիթաուն» ՏՏ միջազգային կենտրոն կկառուցի
Կառավարությունն ուղղակի վաճառքի ձևով «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ին կօտարի Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող կաթսայատունը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 11-ի նիստում։
«Արմենա Վայն» գործարան ՍՊԸ-ն դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ընկերությունը Իսակով 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, որի իրականացման նպատակով, նախնական գնահատականով, կներդրվի 40 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի 5000 աշխատատեղ։
Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում առկա 9053 քառ. մետր մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը ծրագրի ընդլայման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ է, որ կստեղծվի 5000 աշխատատեղ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նախորդ տարի 500-ից ավելի աշխատատեղ է ստեղծվել, և հաշվի առնելով, որ ներդրումային ծրագիրը մի քանի տարի է տևելու, աճի տեմպերի պահպանման դեպքում նման հնարավորություն կա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել իր մարզադաշտից։
Վերջինիս խոսքով՝ նախագծով նախատեսված է, որ «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, ինչպես նաև կստեղծի 300-350 նոր աշխատատեղ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել