HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընկերոջս՝ Վաչիկ Բալայանի մասին

Վաչիկ Բալայանին ես վաղուց էի ճանաչում՝ որպես մի համեստ երիտասարդ տղայի, որն ապրում էր մեր հարևան Սոս գյուղում, Վաչիկը նաև իմ ընկերոջ եղբորորդին էր: Սակայն նրա իրական մարդկային որակների ականատեսը եղա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մոլեգնած արցախյան երրորդ պատերազմի ընթացքում:

Այդ ժամանակ ես Վաչիկին տեսա մեզ օգնության եկած տղաների խմբի մեջ: 

Մեծ էր մեր ուրախությունը, երբ լսեցինք, որ մեզ օգնություն է գալու. օրհասական պահեր էին, քանի որ ըստ մեր կողմից կատարվող դիտարկումների՝ րոպե առ րոպե ավելանում էր թշնամու քանակը: Թշնամին դիրքավորվել էր արդեն մեզ հարակից երեք բարձունքներում, ընդ որում՝ իրենց դրոշներով: Մեզ օգնության շտապող տղաները տեղյակ էին ստեղված ծանր իրավիճակից ու գիտակցում էին դա, և ուզում էին վայրկյան առաջ օգնության հասնել իրենց մարտական ընկերներին: Երբ լսեցի, որ տղաների խումբն արդեն եկել է, գնացի դիմավորելու. մեր հարակից բոլոր տարածքներում ցանկացած տեղաշարժ՝ լինի դա մարդկանց (հետևակի), թե տեխնիկայի, շատ վտանգավոր էր, քանի որ օդից թշնամին ամեն ինչ վերահսկում ու խոցում  էր:

Երբ տղաների խմբում տեսա Վաչիկին, գրկախառնվեցինք: 

Վաչիկենց 9 հոգանոց կամավորական խումբը զբաղեցրեց անմիջապես մեր աջակողմյան դիրքը: Ամեն օր միասին քննարկում էինք մեր հետագա անելիքները: Այդտեղ ես Վաչիկին ճանաչեցի որպես լուրջ, գործից հասկացող, շատ պատասխանատու ու իրական հայրենասերի:

Շատ էր տխրում, երբ լսում էր, որ թշնամին Ամարասի մոտակայքում էր՝ իր հայրենի Սոսին այդքան մոտ: Բայց և չէր կարող թողնել իր մարտական դիրքը, որտեղ նա շտապել էր՝ որպես կամավոր, իր ընկերների մոտ, իր սուրբ հողը պաշտպանելու, ուր նույնիսկ խրամատներ փորելու ժամանակ էին հայկական կարասներ հայտնաբերում: Վաչիկի ընկերները Արցախի ամենատարբեր ճակատներում էին: Անասելի մեծ ցավ էր ապրում, ինչպես և բոլոր մեր տղաները, երբ լսում էր իր ընկերների զոհվելու մասին: Առանձնապես շատ ծանր տարավ ու չէր համակերպվում իր Նակո անունով ընկերոջ կորստին: 

Վաչիկը շատ զգոն էր. գիշերային հերթափոխների ժամանակ միշտ արթուն, նույն ձևով նաև ցերեկը: Երբ հարցնում էինք՝ Վաչի՛կ, էդ դու քուն չե՞ս ինում, միայն համեստորեն ժպտում էր ու թեման փոխում:

Դիրքերում վիճակը գնալով ավելի օրհասական էր դառնում․ թշնամին օգտագործում էր բազմաթիվ մեծաքանակ զինատեսակներ, հարձակման անցնող թշնամու թիվը գնալով ավելանում էր: Մենք, գիտակցելով այդ ամենը, էլ ավելի էինք ամրապնդվում մեր խրամատներում: 

Թշնամին իր բոլոր ուժերը կենտրոնացրել էր անմիջապես մեր ձախ կողմում գտնվող բարձունքի վրա: Մարտը կատաղի անհավասար էր. Վաչիկն իր ընկերների հետ անմիջապես օգնության է հասնում և հետ շպրտում թշնամու հարձակումը, հավաքում թշնամու թողած զենքերը, կապի միջոցները և հետ գալիս կենտրոնական դիրք: Սակայն րոպեներ անց թշնամու բայրաքթարները օդային հարվածներ են տեղում մեր դիրքերի վրա:

Այդ չարաբաստիկ օրը՝ հոկտեմբերի 23-ին, հերոսի մահով ընկնում է Վաչիկը՝ իր վեց ընկերների հետ,  յուրաքանչյուրի սրտում հազար ու մի անկատար մուրազ, յուրաքանչյուրն իր տան հույսն ու ապավենը, յուրաքանչյուրն իր հայրենիքի անմնացորդ ու խիզախ նվիրյալն ու պաշտպանը:

Հավերժ փառք ձեզ, իմ հերո՛ս եղբայրներ, հավերժ փառք քեզ իմ հերո՛ս եղբայր Վաչիկ: 

Արտակ Սաֆարյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter