
Պաշտպան. Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել
Բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը երեկ՝ փետրվարի 1-ին, սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Հակոբկոխյանի պաշտպաններից Գոռ Սաղոյանը:
Վերջինս նշեց, որ այս պահին Հակոբկոխյանի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը մեղադրվում է հունվարի 28-ին Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում:
Հունվարի 28-ին՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ձերբակալվել էր: Այդ օրը բախում է տեղի ունեցել Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների և ոստիկանների միջև, և երկու տասնյակից ավելի անձ բերման է ենթարկվել։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, որով Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով նախատեսված արարք կատարելու, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձը: Քննչական կոմիտեն նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է:
Մեկնաբանել