
Հայաստանի ապահովագրական ընկերություններից 5-ը հայտնվել է խոշոր հարկատուների ցանկում
Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից 5-ը հայտնվել է Հանրապետության 2020 թվականի խոշոր հարկատուների ցանկում` միասին վճարելով մոտ 2 մլրդ դրամի հարկեր:
Հայաստանյան ապահովագրական շուկայի խոշորագույն հարկատուն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն է: 2020 թվականին տեղ է գտել խոշորների ցանկի 259-րդ հորիզոնականում՝ պետական բյուջե վճարելով 682.8 մլն դրամի հարկեր: Այն 2019 թվականի համեմատ աճել է 8.1 մլն դրամով կամ 1%-ով:
Ապահովագրական ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ է՝ 587 մլն դրամի հարկերով: Աճը՝ 97.1 մլն դրամ կամ 20%: Ընկերությունը խոշորների ցանկում 299-րդ տեղում է հայտնվել:
Մյուսը «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն է: 2020 թվականին վճարել է 370 մլն դրամի հարկեր՝ խոշորների ցանկում զբաղեցնելով 459-րդ հորիզոնականը: Նշենք, որ 2019 թվականին այս ընկերությունը խոշորների ցանկում չի եղել:
«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն 2020 թվականին վճարել է 184.4 մլն դրամի հարկեր և հայտնվել 868-րդ տեղում: Այս ընկերությունը ևս նախորդ տարի խոշորների ցանկում չի եղել:
Ապահովագրական մյուս խոշոր հարկատուն «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն է: 2020 թվականի վճարել է 174.4 մլն դրամի հարկեր՝ նախորդ տարվա համեմատ նվազեցնելով 52 մլն դրամով կամ 23%-ով:
Ինչ վերաբերում է «Ռեսո» ԱՓԲԸ-ին, այն ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին տեղ չի գտել խոշոր հարկատուների ցանկում, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում վճարել է ավելի քիչ հարկ, քան 1000-րդ խոշոր հարկատուն է:
2020-ի տվյալներով՝ 1000-րդ խոշոր հարկատուն «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը տարվա ամբողջ ընթացքում վճարել է 156.4 մլն դրամ:
Այսպիսով, խոշոր հարկատուների ցանկում հայտնված 5 ապահովագրական ընկերությունները 2020 թվականին միասին պետական բյուջե են վճարել մոտ 2 մլրդ դրամի հարկեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2020 թվականի ամբողջ ընթացքում պետական բյուջե են վճարել 987 մլրդ 637 մլն դրամի հարկեր: Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի տվյալների վերլուծությունը, 2019 թվականի համեմատ խոշորների հարկերը կրճատվել են 73.5 մլրդ դրամով կամ 6.9%-ով:
- Խոշոր հարկատուները 2020 թվականին 6.9%-ով նվազեցրել են հարկերը. ինչպես է փոխվել ցանկի առաջին տասնյակը
- Հեռահաղորդակցության չորս խոշոր հարկատուների վճարած հարկերը 2020 թվականին 1.6%-ով նվազել են
- Ծխախոտի շուկայի ընկերությունները նվազեցրել են հարկերը
Մեկնաբանել