
Վերադարձված ռազմագերիների և պահվող այլ անձանց ընդհանուր թիվը 63 է
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց ամենամեծ խմբի (44 հոգի) վերադարձը, Ադրբեջանը տարբեր օրերի ընթացքում հայկական կողմին է փոխանցել ընդհանուր 9 անձի, որոնք բոլորն էլ եղել են քաղաքացիական։
Նրանցից միայն մեկն է վերադարձվել պատերազմական գործողությունների ակտիվ շրջանում (հոկտեմբերի 29)։ Խոսքը 84-ամյա Եվգենիա Բաբայանի մասին է։ Մնացած 8-ը վերադարձվել են դեկտեմբեր ամսին։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, որը պատերազմի ընթացքում զբաղեցնում էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախքան դեկտեմբերի 14-ը վերադարձված 9 քաղաքացիական անձանցից 2-ը եղել են բռնի անհետացած անձինք, որոնց պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիներն են տարել, իսկ մնացած 7-ը եղել են քաղաքացիական ներկալված անձինք, որոնց պատերազմի ընթացքում ադրբեջանցիները տարել են նրանց բնակավայրերից։ Այդ 9 քաղաքացիներից 5-ը տարեց մարդիկ են եղել, 3-ը՝ կանայք։
Բացի հոկտեմբերի 29-ին վերադարձված Եվգենիա Բաբայանից, մնացած 8-ից 2-ը վերադարձվել են դեկտեմբերի 4-ին, 3-ը՝ դեկտեմբերի 9-ին, Արտակ Բեգլարյան խոսքով՝ ևս 3-ը՝ դեկտեմբերի 11-ին: Ի դեպ դեկտեմբերի 11-ին վերադարձած քաղաքացիների մասին պաշտոնական մակարդակով չի հայտարարվել, այդ իսկ պատճառով պատերազմից հետո վերադարձած գերիների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվի մասին մեր նախորդ նյութում ավելի փոքր թիվ էինք ստացել՝ 59, չներառելով՝ հոկտեմբերի 29-ին վերադարձած Եվգենիա Բաբայանին և ներառելով դեկտեմբերի 9-ին մեկ քաղաքացիական ներկալված անձի դին։
Բացի վերը նշված 9 քաղաքացիական անձանցից, դեկտեմբերի 14-15-ին վերադարձվել են 44+1 հոգի, այդ թվում մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանում հայտնված 5 անձինք, իսկ +1-ը Նարեկ Սարդարյանն է, որը փոխանցվել էր Նախիջևանի կողմից՝ դեկտեմբերի 15-ին։ Նրան մեր նախորդ նյութում հաշվել էինք 44-ի մեջ, ուստի ստացվում է, որ ընդհանուր թիվը ևս մեկով պակաս էինք գրել։
Դեկտեմբերի 28-ին՝ վերադարձվել են 4, հունվարի 28-ին՝ 5 (Խծաբերդի շիրակցիներից) ռազմագերիներ և պահվող այլ անձինք։
Այսպիսով, համադրելով բոլոր տվյալները՝ ստացվում է, որ Հայաստան են վերադարձվել ընդհանուր թվով 63 ռազմագերի և պահվող այլ անձինք, իսկ բացի վերադարձածներից, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել նաև գերեվարության մեջ գտնվող երկու քաղաքացիական անձի դի (նոյեմբերի 1-ին և դեկտեմբերի 9-ին), հունվարի 18-ին էլ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութից գտնվել էր ևս մեկ տղամարդու դի, որի գերեվարվելու փաստը ավելի վաղ էր հաստատվել։
Մեկնաբանել