HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմն անդրադարձել է ճանապարհաշինական աշխատանքների տեմպերի վրա

Արցախյան 2020թ․ պատերազմը անդրադարձել է Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների տեմպերի վրա, ինչով պայմանավորված՝ մի շարք ճանապարհահատվածների նորոգման աշխատանքների վերջնաժամկետը երկարաձգվել է և տեղափոխվել 2021 թվական։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան՝ հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու նպատակով նոր գնման ընթացակարգեր չեն կազմակերպվել, բայց միևնույն ժամանակ շարունակվել են 2020թ․ պետական բյուջեով նախատեսված 416 կմ երկարությամբ ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։

Մասնավորապես ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների՝ շարունակվել են վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի վերակառուցումը (Թալին-Լանջիկ 18,7 կմ, Լանջիկ-Գյումրի 27,5 կմ)։

Գրավոր հարցմամբ նախարարությունից խնդրել էինք նաև տեղեկություններ տրամադրել նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մեջ նշված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և մեր տարածաշրջանում նոր տանսպորտային ցանցեր կառուցելու նախագծերի մասին, եթե այդպիսիք առկա են, սակայն ՏԿԵ նախարարությունը հայտնել էր, որ հայտարարության մեջ նշված դրույթները ենթակա են քննարկման հետագա բանակցություններում։ 

«Միտումը հարցեր առաջացնելը չէ, այլ՝ հարցերը չեզոքացնելը»

Մեզ հետ հարցազրույցի ընթացքում, խոսելով պատերազմի շրջանում ճանապարհաշինական աշխատանքների տեմպերի դանդաղելու պատճառների մասին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի գործոն առանձնացրեց․ նախ Գորիս-Կապան ճանապարհահատվածի աշխատանքները վտանգավորության աստիճանից ելնելով` դադարեցվել են, քանի որ մարտական գործողությունների շրջանը հասել էր նաև Սյունիքի սահմանին։ Հաջորդ գործոնն այն է, որ հայտարարված մոբիլիզացիայի ժամանակ ճանապարհաշինարարության համար անհրաժեշտ տեխնիկան նույնպես տեղափոխվել էր ռազմաճակատ, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավված վարպետներն ու բանվորները զորահավաքին են մասնակցել։ Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանն ընդգծում է, որ նախարարության ընդհանուր աշխատանքային ցուցանիշը մեծ հաշվով չի տուժել և առաջադրված խնդիրները լուծել են։

Պատերազմի ավարտին հաջորդած սահմանների դեմարկացիայի գործընթացում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով, ինչը մտահոգություն առաջացրեց այդ ճանապարհով անվտանգ երթևեկություն կազմակերպելու տեսանկյունից։ Այդ առնչությամբ Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ ճանապարհին կան վիճարկելի հատվածներ, որտեղ ճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմաններից և կրկին մտնում է ՀՀ ճանաչված սահմաններ, և չնայած, ըստ նախարարի, ռուս և հայ սահմանապահների կողմից ճանապարհի անցանելիությունն ապահովված է, այնուամենայնիվ անհրաժեժշտ է ՀՀ տարածքի երկայնքով անցնող ճանապարհներ կառուցել։ Այլընտրանքային Տաթև-Կապան ճանապարհի վերաբերյալ Սուրեն Պապիկյանն ասաց, որ Տաթևից Աղվանի գյուղ տանող 12,5 կմ ճանապարհին Սյունիքի մարզպետի առաջարկությամբ 2020թ․ ընթացքում շինարարական աշխատանքներ են կատարվել, որն ի սկզբանե նախատեսված պետք է լիներ միայն մարդատար ավտոմեքենաների համար, սակայն ներկա իրողությունները հաշվի առնելով, Սուրեն Պապիկյանի խոսքով, ճանապարհը որակի և ստանդարտների առումով փոփոխությունների կենթարկվի, արդյունքում կստացվի ավելի բարձր կարգի ճանապարհ, որտեղ հնարավոր կլինի նաև երթևեկել բեռնատար մեքենաներով։

Խոսելով եռակողմ հայտարարության մեջ նշված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասաց՝ դա իրենից ենթադրում է, որ տարածաշրջանում պետք է բոլոր տրանսպորտային կապերը բացվեն՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային։ Հարցին, թե անվտանգային հարցեր չե՞ն առաջանա, Սուրեն Պապիկյանն ասաց, որ հարցեր միշտ էլ կարող են առաջանալ, բայց տվյալ պարագայում միտումը հարցեր առաջացնելը չէ, այլ հարցերը չեզոքացնելը։

«Այն, որ 30 տարի որևէ հարաբերություն չի եղել, ու եղել է միայն թշնամանք, բնականաբար հանրային ընկալման տեսանկյունից կարելի է նորմալ համարել, որ հանրությունն արդյպես է վերաբերվում, դրա համար ժամանակ է պետք։ Դա կախված է նաև հարևան երկրից, այսինքն՝ նման քայլերի ցանկությունը հայտարարություններից զատ պետք է նաև գործնականում ապացուցել»,- ասաց նախարարը։

Ներկա իրողություններով պայմանավորված՝ նախարարության աշխատանքի հիմնական շեշտադրումը լինելու է հանրապետական և միջպետական ճանապարհների ուղղությամբ։ 

«Հաշվի առնելով նոր ճանապարհների անհրաժեշտությունը, որոնք նաև ենթադրում են նախկինում գոյություն ունեցած կապուղիների, այլընտրանքյին ճանապարհների կառուցում և վերակառացում, հիմնական աշխատանքները տարվելու են այս ուղղությամբ»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ առաջին հերթին պետք է բաց լինեն ներքին կոմունիկացիաները

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տարածաշրջանում ապաշրջափակման հասնելու քայլերը ցուցադրական որակեց՝ հաշվի առնելով հետևյալ  հանգամանքները։

«Եթե միայն «կոմունիկացիոն ապաշրջափակում» բառակապակցությունը վերցնենք, ապա դա ոչ մի բան չի ասում։ Այս դեպքում պետք է բաց լինեն առաջին հերթին ներքին կոմունիկացիաները: Oրինակ՝ ռուսական խաղաղապահ ուժերի օգնությամբ հայերը՝ բնիկ բնակչությունը, պետք է կարողանա ազատ ելումուտ ունենալ օրինակ՝ Շուշի, Հադրութ և այլ բնակավայրեր: Եթե դա տեղի չի ունենում, մեր կողմից ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունը ցուցադրական ձևականություն է»,- ասում է տնտեսագետը՝ ավելացնելով, որ եթե այնուամենայնիվ կոմունիկացիոն ապաշրջափակում լինի և Ադրբեջան-Հայաստան առևտրաշրջանառություն տեղի ունենա, շատ ռիսկեր կան Հայաստանի համար։

«Ներկա կառավարման համակարգի, ըստ էության, կաթվածահար վիճակը թույլ չի տալու արդյունավետ լուծումներ տալ տնտեսական հարցերին: Ես կարծում եմ, որ մրցունակության մակարդակը բավարար չէ սահմանները բացելու համար»։

Մանասերյանը շատ է կարևորում և առաջնային խնդիր համարում ապրանքների ներկրումը․ «Ադրբեջանից Հայաստան կգան ոչ այնքան ադրբեջանական, որքան թուրքական ապրանքներ, քանի որ կոմունիկացիաները բացում են հիմնականում արևմուտքի կողմից, և Նախիջևանով Հայաստան ներհոսելու է թուրքական էժան ապրանք, որը տեղական արտադրության համար շատ լուրջ մրցակցություն է»։

Տնտեսագետը արձանագրում է, որ տեղական արտադրության մասշտաբը Թուրքիայի հետ անմրցելի է, և այս տարիների ընթացքում իշխանությունների քայլերն են, որ անհնար են դարձնում տնտեսական ոլորտի զարգացումը։

«Թուրքիան և Ադրբեջանը հստակ ծրագրեր են իրականացնում, այդ թվում ճանապարհաշինության, իսկ Հայաստանը դեռ իր ազգային օրակարգը չունի»,-ամփոփեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Մասնագետը մատնանշում է Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի գլխավոր թերությունները

Ճանապարհաշինության և քաղաքաշինության ոլորտի մասնագետ Տիգրան Կարապետյանը, որն ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում և համագործակցության փորձ է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մեզ հետ զրույցում նշում է, որ Հայաստանում մասնագետների պակաս կա և ճանապարհաշինարարությամբ զբաղվում են ոչ իրավասու մարդիկ։

«Հայաստանում շինարարության ամբողջ համակարգը նման է փուչիկի։ 30 տարվա ընթացքում պետությունը ոչնչացրել է շինարարության համակարգը, վերահսկղությունը, նախագծումը և շահագործումը՝ սկսած շենքերից մինչև ավտոճանապարհներ և երկաթուղիներ»,- ասաց Տիգրան Կարապետյանը։ 

Ավտոճանապարհների շինարարության հարցում Տիգրան Կարապետյանը առանձնացրեց տարբեր նշանակության ճանապարհների՝ նույն սկզբունքով կառուցումը, օրինակ՝ միջմարզային և միջպետական ճանապարհների շինարարության ժամանակ, ըստ նրա, հաշվի չի առնվում ճանապարհի երևթեկության ինտենսիվությունը, բեռնվածությունը, աշխարհագրական դիրքը։

«Հայաստանում ես ուսումնասիրել եմ 22 ճանապարհների նախագծեր՝ միջմարզայինից մինչև միջպետական։ Եվ բոլոր ճանապարհների վրա ասֆալտի հաստությունը 10 սմ էր։ Գյուղերում, քաղաքներում՝ փոքր փողոցներում կարող է ասֆալտի հաստությունը լինել 10 սմ, բայց մայրուղիներին, օրինակ՝ Երևան-Սևան ճանապարհին, որտեղ ճանապարհի ինտենսիվությունն ու բեռնվածությունը շատ ավելի մեծ է, ասֆալտի հաստությունը պետք է նվազագույնը 20 սմ լինի»,- ասում է Տիգրան Կարապետյանը։

Մասնագետի խոսքով՝ գլխավոր սխալը գալիս է կրթական համակարգից, քանի որ համալսարանները չեն կարողանում պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք կարողանան ճիշտ նախագծել տրանսպորտային ուղիները և բացառել այդպիսի սխալները։ Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ճանապարհաշինության ոլորտի պատասխանտու պաշտոնյաները չունեն այն մասնսգիտական փորձն ու ունակությունները, որ կարողանան ցույց տալ նախագծման աշխատանքներում թույլ տրված թերությունները։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ստորագրվեց ևս մեկ համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը կազմակերպելու համար ձևավորվում է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի հունվարի 30-ը պետք է առաջին հանդիպումն անցկացնի, որի արդյունքների հիման վրա կկազմի աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը։

Հայտարարության 4-րդ կետում ասվում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի և Ադրբեջանի տարածքները:

Եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 30-ին։ Խմբում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Հեղինակներ՝
 Միլենա Բարսեղյան, Կարեն Սրքոյան
Համակարգող՝ Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter