
Գագիկ Ջհանգիրյան. «Չեմ գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավեմ»
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցը:
Ջհանգիրյանը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցադրմանը, թե կա տեսակետ, որ վերջինս գնալու է ԲԴԽ դատավորներին ճնշելու համար, ասաց. «Իմ լիազորությունները հավասար են ԲԴԽ մնացած անդամների լիազորությունների հետ, որտե՞ղ է գրած ճնշումների մասին»:
Ջհանգիրյանը հիշեցրեց, որ ԲԴԽ նախագահը ավելի քան մեկ տարի պաշտոնավարման ժամկետ ունի, հետևաբար այն խոսակցությունները, որ գնում է նախագահելու, խիստ կասկածելի աղբյուրներից բաց թողնված տեղեկատվություն է, որը իրականությանը չի համապատասխանում:
«Եթե հերթը գա իրավաբան-գիտնականների շրջանում նախագահության հարցին, եթե իրենք ինձ առաջարկեն, ես ինձ շոյված կզգամ, կհամաձայնեմ, բայց չեմ գնում նախագահի պաշտոնը գրավեմ»,- ասաց նա:
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախության մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ըստ թեկնածուի պետության կայացման համար այդ երեք ճյուղերի զարգացումն ու անկախացումը նպաստավոր պայման է:
Ջհանգիրյանն արձագանքեց՝ երբ ասում են հավասարման սկզբունք, չի նշանակում բացարձակ անկախություն մեկը մյուսից: Ըստ թեկնածուի՝ ոչ գործադիրն է ամբողջությամբ անկախ օրենսդիրից, որովհետև հաշվետու է վերջինիս, ոչ էլ դատական համակարգն է ամբողջությամբ անկախ գործադիրից, օրինակ՝ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություն ունի դատավորների նկատմամբ, ինչը որակվում է որպես զսպման մեխանիզմ:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց հետպատերազմական իրավիճակում ԲԴԽ նախագահի հայտարարությունը, ապա ասաց, որ ԱԱԾ-ն հրապարակել էր փաստեր, ձայնագրություններ ահաբեկչական գործողությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, սակայն այդ անձանցից որևէ մեկը չի վերցվել կալանքի տակ: Բաբաջանյանը խնդրեց գնահատական տալ դատարանների աշխատանքին:
Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց՝ քաղաքական պաշտոնի չի նշանակվում և ձեռնպահ կմնա նման գնահատականներից, սակայն ընդգծեց՝ եթե նման հիմքով կարգապահական վարույթ հարուցվի, և ԲԴԽ-ն քննարկի, ինքն իր տեսակետը կարտահայտի: «Խնդիրն այն է, որ ծանր հանցագործությունների փորձի համար, որոնք կարող են վտանգել շատերի կյանքը, կառավարման համակարգը, իհարկե խափանման միջոցները պետք է գործեն: Եթե նման պարագաներում կալանքը չի գործում, հասկանալի չէ»,- ասաց ԲԴԽ թեկնածուն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցրեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ եղել է զինդատախազ, ապա հետաքրքրվեց, թե պատրաստ է արդյոք վերջինս իր նպաստն ունենալ գործի բացահայտման համար: Ջհանգիրյանն ասաց, որ անջատ մասով նախաքննություն է վերսկսվել, ուստի ոչինչ հանրային ասել չի կարող, սակայն պնդեց՝ ոչ միայն ինքը, այլ շատերը, այդ թվում՝ քննչական խմբի ղեկավարը, երեք-չորս քննիչներ պատրաստ են աջակցել, սակայն ոչ վկայի կարգավիճակով:
Արուսյակ Ջուլհակյանն էլ հետաքրքրվեց 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործից՝ ասելով, որ չնայած դատավարությունը անկյունաքարային նշանակություն ունի արդարադատության հաղթանակի տեսանկյունից, բայց ստեղծվել է իրավիճակ, որ դատավարությունը դոփում է տեղում:
«Մտահոգությունները այդ հարցի հետ կապված Ձեզ հետ կիսում եմ լիովին, մեկ տարի յոթ ամսից ավելի է նախապատրաստական դատական փուլն է, չենք ավարտել բուն դատաքննությունը, բացի բացարկի, կալանքից ազատման և այլ միջնորդություններից որևէ այլ հարց չի քննարկվում»,- ասաց Ջհանգիրյանը:
Ըստ Ջհանգիրյանի՝ այն պաշտպանական տակտիկա է, և հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում: Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հարցրեց վերջինիս դղյակից: Ջհանգիրյանը ներկայացրեց, որ Դավիթաշենում գտնվող իր չորս սենյականոց բնակարանը վաճառել է, և այդ գումարով Բաղրամյան փողոցի հարևանությամբ իրենց եռահարկ սեփական տան տարածքում նոր տուն կառուցել:
Ջհանգիրյանը պնդեց՝ այդ տարածքը ձեռք էին բերել 1989-90_ական թվականներին, երբ դեռ պաշտոնյա չէր: Ինչ վերաբերում է պատգամավորի պնդմանը, թե այն դղյակ է, Ջհանգիրյանն ասաց՝ այն դղյակ չէ, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ իր տունը գոմի է նմանվում:
Մեկնաբանել