
Տիգրան Ավինյան. «Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը»
Այս պահի դրությամբ կա դուրս բերված 3439 զինծառայողի մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե որքան են կազմում 44-օրյա պատերազմի զոհերը:
Ավինյանի խոսքով` այս թվերը նախնական են, և ըստ դրանց` 766 մարմին ԴՆԹ հետազոտման փուլում է, և նույնականացումից հետո ավելի հստակ տվյալներ կլինեն:
Ավինյանն ընդգծեց` ո՛չ զոհերի, ո՛չ էլ անհետ կորածների թվեր չի ուզում ասել, քանի որ այդ ցուցակները վերջնականացվելուց հետո ՊՆ-ն հրապարակելու է:
«Ուզում եմ շեշտել, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը, ՊՆ-ն վերջնական ցուցակները կհրապարակի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, Ավինյանն առանաձնացրեց անդամահատման խնդիր ունեցողներին՝ նշելով, որ այդ թիվը չի գերազանցում 150-ը: Փոխվարչապետի խոսքով` վերջիններիս պետական միջոցների հաշվին լավագույն ստանդարտներով պրոթեզավորում է տրամադրվելու, ապահովվելու է նաև սպասարակումը: Ավինյանը հայտնեց, որ վաղը Կառավարության նիստում այդ գործընթացի վերաբերյալ որոշում է ընդունվելու` պրոթեզավորման ընթացակարգը պարզեցվելու է և անհատական մոտեցում է ցուցաբերվելու:
Մեկնաբանել