
ԱԺ-ն քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման օրենսդրական փաթեթը
Խորհրդարանը հերթական նիստում այսօր՝ հունվարի 18-ին, քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քացաքացին, ով
- ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,
- անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի) կամ պահեստազորի սպա է,
- տիրապետում է հայերենին,
- ունի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ՝ ստանդարտացված թեստային համակարգերով կամ Կառավարության սահմանած կարգով ստուգվող լեզվական գիտելիքների B1 մակարդակի իմացություն,
- չի տառապում Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կարող է նշանակվել օրենքի պահանջներին բավարարող այն անձը, որն ունի դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 5 տարվա ընդհանուր ստաժ:
Կոմիտեի ծառայողները համալրվելու են մրցութային եղանակով:
Կոմիտեի նախագահի աշխատավարձը կազմելու է 958 հազար 740 դրամ (հարկերը ներառյալ), տեղակալինը` 925 հազար 680 դրամ (հարկերը ներառյալ):
Մեկնաբանել